🔹Վերջին ամիսներին Տեխաս նահանգի և ԱՄՆ Դաշնային իշխանությունների միջև հարաբերությունները բավական լարվել են՝ պայմանավորված Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալների խնդրի հետ։ 2023 թվականի ընթացքում Միացյալ Նահանգներ ռեկորդային թվով ապօրինի ներգաղթյալ է մուտք գործել, ինչը Տեխաս նահանգի համար լրջագույն խնդիր է համարվում, քանի որ նրանց մեծ մասը հենց Տեխասում է հանգրվանում։ Պայմանավորված այդ հանգամանքով՝ Տեխասը նպատակահարմար է համարում առավել կոշտ քայլերի դիմել՝ ի հակադրություն ապօրինի միգրանտների նկատմամբ Բայդենի վարչակազմի վարած քաղաքականության։
Իրականում Տեխասի և Դաշնային իշխանությունների միջև այս պառակտումը առաջին անգամ չէ տեղի ունենում, և այն ունի պատմական հիմքեր։
🔹Բավական է նշել, որ կա նաև այսպես կոչված «Թեքսիթ» շարժում, որի նպատակը Տեխաս նահանգի անկախության հասնելն է։ Շարժման հետևորդների նպատակն է՝ առաջնորդվել միայն Տեխասի օրենքներով, ինքնուրույն տնօրինել նահանգի հարկ վճարողների գումարները, այլ ոչ թե շարժվել դաշնային իշխանության՝ Վաշինգտոնի թելադրանքով։ «Անկախ Տեխաս» շարժման ակունքները կարելի է գտնել 1990-ական թվականների Տեխասի Հանրապետություն կոչվող խմբի գաղափարներում, ովքեր պնդում էին, որ Տեխասը ապօրինի է դարձել ԱՄՆ առանձին նահանգ։
🔹1997թ. այս շարժումը մարեց ոստիկանության հետ բախումներից հետո, որի արդյունքում շարժման ղեկավարը, որն իր պայքարի շրջանակներում մի քանի պատանդ էր վերցրել, ձերբակալվեց և մինչ այժմ կրում է իր պատիժը։ 2005թ. մեկ այլ անձ հիմք դրեց Տեխասի ազգայնական շարժմանը, որը նույնպես իրենից ներկայացնում էր անջատողական շարժում։ Շարժման ղեկավար Միլլերը պնդում է, որ Տեխասի ժողովուրդը առանց պետության ազգ է, որն ունի իր առանձին մշակույթը, պատմությունը, տնտեսական և քաղաքական փիլիսոփայությունն ու առանձնացված տարածքը և իրենց ինքնակառավարման պահանջը բխում է Տեխասի Սահմանադրությունից։ Ըստ նրա՝ Տեխասը առանձին ազգ է, այդ բառի բոլոր իմաստներով։
🔹Ներկայումս անօրինական սահմանը հատողների թվի աճը ստիպեց Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթին սկսել «Lone Star» օպերացիան, որը նահանգային մակարդակի նախաձեռնություն է՝ 2021թ. մարտից տեղակայելու Տեխասի ազգային գվարդիան, Տեխասի հանրային անվտանգության դեպարտամենտը և այլ իրավապահ անձնակազմ՝ սահմանային անվտանգությունն ապահովելու համար։
🔹Վերջին տարիներին Էբոթը հատկապես սահմանային ագրեսիվ քաղաքականություն է վարում: Նա 1,5 միլիարդ դոլար է ստացել օրենսդիր մարմնից՝ ավելի շատ սահմանային պատնեշներ կառուցելու համար։ Էբոթը քարոզում էր սահմանային պատ կառուցելու գաղափարը՝ զորքեր մտցնելով և պարծենալով, որ ներգաղթյալներին ավտոբուսներով տեղափոխում է այլ նահանգներ՝ դրա համար ծախսելով տասնյակ միլիոնավոր դոլարներ: Օրինակ՝ 2022 թվականի օգոստոսից ի վեր Տեխասը ավտոբուսով 33,600 ապօրինի ներգաղթյալ է տեղափոխել Նյու Յորք: Դեկտեմբերին առաջին անգամ Էբոթը հրամայեց 120 ներգաղթյալի ինքնաթիռով տեղափոխել Չիկագո։
Դեկտեմբերին Էբոթի նախաձեռնությամբ օրենք ընդունվեց, որով Տեխասի սահմանը ապօրինի հատելը պետական հանցագործություն է դառնում, և ոստիկաններին թույլատրված է ձերբակալել մարդկանց, որոնց կասկածում են սահմանը ապօրինի հատելու մեջ։ Ներգաղթյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, Էլ Պասո շրջանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը երկու առանձին հայցեր են ներկայացրել՝ խնդրելով դատարանին թույլ չտալ, որ նահանգը կիրառի նոր օրենքը, որը ուժի մեջ կմտնի մարտին: Էբոթն իր հերթին հայտարարել է, որ նահանգային մակարդակով իրականացվող նման գործողություններն անհրաժեշտ են, քանի որ Բայդենի վարչակազմը բավականաչափ ջանքեր չի գործադրում սահմանը պաշտպանելու համար՝ նշելով, որ ապօրինի սահմանահատումները վերջին տարիներին զգալիորեն աճում են:
🔹Տեխասի նահանգապետ Էբոթի կոշտ քաղաքականությունը ենթարկվել է բազմաթիվ քննադատությունների, շատերը այն անվանել են անհիմն և նույնիսկ դաժան։ Այնուամենայնիվ, շատերն էլ, հատկապես տեխասցիները, նահանգապետի վարած քաղաքականությունը արդյունավետ են դիտարկում և աջակցում են վերջինիս։ Կոնգրեսական Մոնիկա դե լա Կրուզը, որը ներկայացնում է հենց Տեխասի սահմանային համայնքները, կարծում է, որ ավտոբուսով ապօրինի ներգաղթյալներին տեղափոխելը այլ նահանգներ արդյունավետ քաղաքականություն է: Ըստ նրա. «Երբ մենք սկսեցինք նրանց դարձնել այս գործընթացի բաղկացուցիչ մասը՝ ստիպելով զգալ, թե ինչ է նշանակում անօրինական ներգաղթյալներ, և ինչպես է դա ազդում մեր համայնքների վրա, այժմ նրանք այս հարցին արդեն այլ կերպ են նայում»:
🔹Ներկայումս Տեխասի նահանգային իշխանությունների և Դաշնային իշխանությունների միջև հարաբերությունները բավական լարված են, մասնավորապես՝ սահմանային ծառայության և Տեխասի գործակալությունների միջև։ Առավել վիճահարույց հարց է այն, որ Տեխասի ազգային գվարդիան մոտ 70,000 շերտ փշալար է անցկացրել սահմանային հատվածում, ինչը սահմանային ուժերի համար խնդիր է, քանզի այդ մետաղալարը նվազեցնում է ուժերի շարժունակությունը՝ օգնելու ներգաղթյալներին։ Այս հակասությունը առավել ծավալվեց, երբ սահմանը հատող ներգաղթյալ մի կին իր երկու երեխաների հետ գետում խեղդվեց։ Տեխասի իշխանությունները չեն ընդունում իրենց մեղավորությունը այս միջադեպում, իսկ Արդարադատության դեպարտամենտն առավել ուշ պարզաբանեց, որ խեղդամահությունները տեղի էին ունեցել նախքան սահմանապահ ծառայության աշխատակիցների մուտքի արգելումը։
Տեխասի ազգային գվարդիան երբեմն կտրում է փշալարը՝ վտանգի մեջ հայտնված ներգաղթյալներին օգնելու կամ նրանց տեղափոխելու կամ ազատ արձակելու համար, սակայն սահմանապահ ծառայությունը և Տեխասը միակարծիք չեն, թե երբ է անհրաժեշտ կտրել մետաղալարը, իսկ Սահմանապահ ծառայությունը երբեմն դա անում է անգամ առանց թույլտվության:
🔹2023 թվականի սեպտեմբերին սահմանապահ ծառայության աշխատակիցները սկսեցին կտրել Տեխասի ազգային գվարդիայի կողմից Տեխասի Իգլ Փասում տեղադրված մետաղալարը, ինչի հետևանքով հոկտեմբերի 24-ին Տեխաս նահանգը հայց ներկայացրեց Դաշնային դատարան՝ պահանջելով սահմանապահ ծառայությանը դադարեցնել փշալարերի կտրումը: Երկար տևած գործընթացից հետո, ի վերջո, Միացյալ Նահանգների Հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանը իր որոշմամբ շտապ կասեցրեց, և դեկտեմբերի 19-ին սահմանային ծառայությանը արգելեց մետաղալարերի հետագա ապամոնտաժումը, բացառությամբ բժշկական շտապօգնության դեպքերի: Այս վեճը հասավ ԱՄՆ Գերագույն դատարան, որը կարգադրեց թույլ տալ դաշնային սահմանային ծառայությանը մուտք գործել Մեքսիկայի հետ Տեխասի սահմանային այն հատվածը, որտեղ Տեխասի պաշտոնյաները կիլոմետրերով փշալարեր էին անցկացրել:
🔹Ի պատասխան Գերագույն դատարանի որոշման՝ նահանգապետ Էբոթը անհավանական հայտարարությամբ հանդես եկավ, որում նշում էր. «Ջեյմս Մեդիսոնը, Ալեքսանդր Համիլթոնը և մյուս հիմնադիր հայրերը, ովքեր գրել են Միացյալ Նահանգների Սահմանադրությունը, կանխատեսել են, որ նահանգները չպետք է թողնվեն անօրեն նախագահի ողորմությանը, ով ոչինչ չի անում կանխելու արտաքին սպառնալիքները, ինչպիսիք են կարտելները, որոնք միլիոնավոր անօրինական ներգաղթյալների են տեղափոխում սահմանով: Այդ իսկ պատճառով հիմնադիր հայրերը ներառել են և՛ 4-րդ հոդվածի 4-րդ պարագրաֆը, որը խոստանում է, որ դաշնային կառավարությունը «կպաշտպանի յուրաքանչյուր [նահանգ] ներխուժումից», և՛ 1-ին հոդվածի 10-րդ պարագրաֆի 3-րդ կետը, որը ճանաչում է նահանգների ինքնիշխան շահը՝ պաշտպանելու իրենց սահմանները»։
🔹Ըստ Էբոթի՝ Բայդենի վարչակազմի կողմից 4-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելը հանգեցրել է 1-ին հոդվածի 10-րդ պարագրաֆի 3-րդ կետի իրացման անհրաժեշտությանը, որը վերապահում է Տեխասին ինքնապաշտպանության իրավունք: Այս հիմքերով նահանգապետ Էբոթը 1-ին հոդվածի 10-րդ պարագրաֆի 3-րդ կետով արդեն ներգաղթյալների ապօրինի ներխուժումը որակել է որպես ներխուժում՝ կոչ անելով Տեխասի սահմանադրական իշխանությանը ինքնապաշտպանվել, քանի որ սա երկրի գերագույն օրենքն է և ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան ցանկացած դաշնային օրենք, որը հակասում է դրան: Տեխասի ազգային գվարդիան, Տեխասի հանրային անվտանգության դեպարտամենտը և Տեխասի այլ իրավապահներ գործում են այդ լիազորությունների, ինչպես նաև նահանգի օրենսդրության հիման վրա՝ ապահովելու Տեխասի սահմանային անվտանգությունը»:
🔹Այսպիսով, նահանգապետ Էբոթը չի պատրաստվում զիջումների գնալ այս հարցում և նահանգային ու դաշնային իշխանությունների միջև այս վեճն առավել է թեժանալու հետագայում՝ հատկապես հաշվի առնելով, որ մոտենում են ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Ի դեպ, հատկանշական է, որ եթե Տեխաս նահանգը դառնա առանձին պետություն, ապա այն իր հարստությամբ կլինի աշխարհի 10-րդ տնտեսությունը՝ զիջելով միայն Կալիֆոռնիային, որը առանձին պետություն լինելու պարագայում կլիներ աշխարհի 5-րդ տնտեսությունը:
Լույս հիմնադրամ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն