USD383.05EUR444.8RUB4.7296

🇺🇸Ով էր Չարլի Քըրքը, և ինչու նա սպանվեց. Լույս

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի «Յուտա Վելի» համալսարանի տարածքում Չարլի Քըրքի սպանությունը խոր քննարկումների առիթ դարձավ թե՛ ամերիկյան հասարակության և թե՛ քաղաքական շրջանակներում՝ առավել խորացնելով ամերիկյան հասարակության բևեռացումը։ Չարլի Քըրքը աջակողմյան ակտիվիստ էր, նախագահ Թրամփի նվիրյալ աջակիցը, որը ազդեցիկ դեր էր խաղացել երիտասարդ հանրապետական ընտրողներին համախմբելու և մոբիլիզացնելու գործում։
Սպանության օրը Քըրքը գտնվում էր ԱՄՆ Յուտայի համալսարանում, որտեղ, ըստ նախատեսված ձևաչափի, նա հնարավորություն էր տալիս ուսանողներին բաց խոսափողի սկզբունքով բանավիճել իր հետ. սա երկրի տարբեր համալսարաններում նախատեսված առնվազն 15 միջոցառումներից առաջինն էր՝ որպես նրա «Ամերիկյան վերադարձի» շրջագայության մաս։

Քըրքը ԱՄՆ-ի ամենաակնառու պահպանողական ակտիվիստներից և մեդիա դեմքերից մեկն էր և նախագահ Թրամփի վստահելի դաշնակիցը։ Քըրքը համահիմնադրել է «Turning Point USA» պահպանողական խումբը, երբ ընդամենը 18 տարեկան է եղել։ Քըրքի խումբը վերածվեց երկրի ամենամեծ պահպանողական երիտասարդական շարժման, և տարիների ընթացքում նա դարձավ Թրամփի կողմնակից ազդեցիկ անձանց ցանցի կենտրոնական դերակատարներից մեկը, որը հաճախ ներկայացվում էր որպես «Make America Great Again» շարժման առանցքային դեմք։ 2016-ին Քըրքը դարձավ ամենաերիտասարդ անձը, որը ելույթ է ունեցել Հանրապետական կուսակցության Ազգային համագումարում։ Քըրքը նաև ելույթ է ունեցել հաջորդող 2020-ի և 2024-ի համագումարներում՝ ներկայացնելով իր պահպանողական և կրոնական օրակարգը։ Վերջինիս աջակցությունը չափազանց կարևոր էր Թրամփի համար ձայներ ստանալու հարցում՝ հատկապես երիտասարդների շրջանում։

Քըրքը բավականին հետաքրքիր ոճ էր որդեգրել երիտասարդների հետ աշխատելու համար: Այդ քաղաքական ոճը նրան, իհարկե, բերեց հավատարիմ աջակիցների զանգված, բայց նաև կատաղի ընդդիմություն։ Քըրքը նաև նախագահ Թրամփի ավագ որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի մտերիմ ընկերն էր։ Նա նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմնակիցն էր, երբ դեռ Թրամփը քննարկում էր Վենսի թեկնածությունը՝ որպես փոխնախագահ։ Քըրքն ուներ 5.5 միլիոն հետևորդ «X» հարթակում և վարում էր «The Charlie Kirk Show» փոդքասթը և ռադիոհաղորդումը, որի լսարանը ամեն ամիս հասնում էր ավելի քան 500,000-ի: Նա պարբերաբար հայտնվում էր «Fox News»-ի և այլ պահպանողական մեդիաների եթերներում:

Նրա քաղաքական գաղափարների թվում էին դեմոկրատական կուսակցության և, մասնավորապես, Բայդենի վարչակազմին ուղղված քննադատությունը։ 2024թ. Քըրքը նշել էր, որ շատ երիտասարդներ չեն կարողանում ամուսնանալ և իրենց սեփական տունը գնել, և դրա մեղավորը նախկին նախագահ Ջո Բայդենն է։ «Բայդենի օրոք մեր երիտասարդները ոչինչ չունեն և նրանք դժբախտ են։ Դոնալդ Թրամփը հրաժարվում է ընդունել ամերիկյան երազանքի այս կեղծ, ողորմելի, խեղված տարբերակը… Դոնալդ Թրամփը փրկչի առաքելության մեջ է՝ վերականգնելու ձեր ծննդյան իրավունքը, որը ձեր տատիկն ու պապիկը և նրանցից առաջ ձեր նախնիները ամեն ինչ տվել են ձեզ փոխանցելու համար»,- հայտարարում էր Չարլին՝ առաջ մղելով իր և պահպանողականների գաղափարախոսությունը:

▪️Զենքի վերահսկում. Քըրքը զենք կրելու իրավունքի ակտիվ պաշտպան էր։ 2023թ. նա նշել էր, որ «դուք երբեք չեք կարող ապրել մի այնպիսի հասարակությունում, որտեղ ունեք զինված քաղաքացիներ և ոչ մի գրանցված մահ զենքից»։ Սակայն, Քըրքի կարծիքով՝ «արժե ամեն տարի վճարել այս գինը, որպեսզի մենք կարողանանք ունենալ ԱՄՆ Սահմանադրության Երկրորդ լրացմամբ ամրագրված՝ Աստծո տված մեր մյուս իրավունքները պաշտպանելու իրավունքը»։ Նա նաև գտնում էր, որ դպրոցները պետք է պաշտպանված լինեն զինված պահակներով՝ դպրոցներում կրակոցների քանակը նվազեցնելու համար, այլ ոչ թե զենքի դեմ օրենքներ ընդունելով։

▪️Սեռերի հետ կապված հարցեր․ Քըրքը վայելում էր ԱՄՆ պահպանողական քրիստոնյաների աջակցությունը, ովքեր անհանգստացած էին ԱՄՆ-ում ԼԳԲՏ համայնքի մեծացմամբ։ Քըրքը պնդում էր, որ գոյություն ունի միայն երկու կենսաբանական սեռ, և սա իր բանավեճերում հաճախ դառնում էր ակտիվ քննարկման առարկա։

▪️Կրոնական թեմաներ. Ավետարանչական քրիստոնյա լինելով՝ Քըրքը հավատում էր կանանց համար «ավանդական» գենդերային դերերին և դեմ էր հղիության արհեստական ընդհատումներին, նույնիսկ բացառիկ հանգամանքներում։ Խոսելով իսլամի մասին՝ նա նաև ասում էր, որ իսլամը հակասում է արևմտյան արժեքներին. «Իսլամը չի հավատում խոսքի ազատությանը, իսլամը չի հավատում կրոնի ազատությանը և իսլամը չի հավատում մզկիթի և պետության բաժանմանը»։

▪️«Black Lives Matter». Քըրքը երբեմն նաև քննադատել է քաղաքացիական իրավունքների շարժումներից մեկը՝ «Black Lives Matter»-ը և արտահայտել իր համոզմունքը, որ ԱՄՆ-ում սպիտակները անհամաչափորեն են հարձակման ենթարկվում սևամորթների կողմից։ Սեպտեմբերի 9-ին՝ Քըրքի սպանությունից մեկ օր առաջ, Քըրքը «Fox News»-ով մեղադրեց ԱՄՆ դեմոկրատներին «կեղծ պատմություն» տարածելու մեջ, թե սևամորթ ամերիկացիները հարձակման են ենթարկվում ԱՄՆ-ում, մինչդեռ իրականում սպիտակամորթներն են թիրախավորվում։ Նա խոսում էր անցյալ շաբաթ Հյուսիսային Կառոլինայի Շառլոտ քաղաքում գնացքում սևամորթ տղամարդու կողմից ուկրաինացի կնոջ չհրահրված սպանության մասին։ «Սպիտակամորթ անհատները իրականում ավելի հավանական է, որ հարձակման ենթարկվեն սևամորթ անհատների կողմից, հատկապես նույնիսկ մեկ շնչի հաշվով»,- ասել էր նա։

▪️Գազայի հարցը․ Քըրքը Իսրայելի մեծ աջակից էր և հատկապես աջակցում էր նրանց գործողություններին Գազայում: Քեմբրիջի համալսարանում, պաղեստինամետ ուսանողի հետ բանավիճելիս, Քըրքը արդարացրեց Իսրայելի երկամյա պատերազմը Գազայի դեմ՝ ասելով. «Երբ պատերազմ ես հայտարարում Իսրայելի դեմ, սպասիր կրակի փոթորկի՝ որպես պատասխան»:

▪️Հայաստանին վերաբերող հարցեր. Իր ելույթներից մեկի ժամանակ այն հարցին, թե ինչպես է Քըրքը արդարացնում այն, որ Իսրայելը ֆինանսավորում է Թուրքիայի բանակը, վաճառում է նրանց հրթիռներ, որոնք ի վերջո սպանում են հայերին, հայ քաղաքացիներին, այն որ հրեա ազգը օգնում է մեկ այլ երկրի վերացնելու քրիստոնյա ազգի, նա պատասխանեց․ «Ես դրան չեմ աջակցում, բայց մենք ավելի խոր խնդիր ունենք Թուրքիայի հետ՝ Իսրայելը մի պահ մի կողմ դնենք, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի մաս է կազմում, ուստի մենք նրանց փող ենք տալիս, այնպես որ դա Իսրայելի խնդիրը չէ, դա Ամերիկայի խնդիրն է: Ես Թուրքիայի երկրպագու չեմ, ես պաշտոնապես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը, որի համար շատերը զայրանում են: Բայց ես մի վայրկյանով Իսրայելին մի կողմ կդնեի: Նրանց վաճառած զենքը սովորաբար վերամշակված ամերիկյան զենք է: Ես չգիտեմ, թե ինչու պետք է Թուրքիան ՆԱՏՕ-ի մաս կազմի, կարծում եմ, որ Թուրքիան պետք է դուրս մղվի ՆԱՏՕ-ից այն բանի համար, ինչ նրանք արեցին հայերի հետ, նրանք ոչինչ չեն առաջարկում Ամերիկային, ոչինչ, և Էրդողանը շատ-շատ վատն է, որը դառնում է ձախողված երկրի իսլամական բռնապետ»։

▪️Կլիմայի փոփոխություն. Քըրքը կլիմայի փոփոխության վառ ընդդիմադիրներից էր՝ նշելով, որ չկա գիտական համաձայնություն համաշխարհային տաքացման շուրջ: Հաճախ Քըրքն անգամ առավել կոպիտ ձևակերպումներ էր ընտրում։ Ըստ նրա՝ համաշխարհային տաքացումը «լիակատար անհեթեթություն և զառանցանք է» (gibberish, nonsense and balderdash)։ Ըստ նրա՝ այդ անհեթեթության մասին խոսում են միայն հարուստ և հիմնականում խաղաղ հասարակություններում, որտեղ մարդիկ չունեն առաջնային լուրջ հոգսեր։

Քըրքի սպանությանն անմիջապես արձագանքեցին հանրապետական և դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները։ Նախագահ Թրամփը Քըրքի սպանությունը որակեց որպես «խավարի պահ Ամերիկայի համար»՝ նշելով, որ դա ծայրահեղ ձախերի կողմից տարիներ շարունակ հակառակորդներին դեմոնիզացնելու հետևանքն է. նմանօրինակ ատելությամբ հռետորաբանությունը սնուցել է ահաբեկչությունն ու բռնությունը, որոնք արդեն խլել են շատ անմեղ կյանքեր։

Փոխնախագահ Վենսը, ով Քըրքին համարում էր ոչ միայն ընկեր, այլև իր կրտսեր եղբայրը, Քըրքի հիշատակը հարգելու համար Սպիտակ տնից վարեց «The Charlie Kirk Show»-ը՝ Քըրքի փոխարեն։

Դեմոկրատական կուսակցությունից նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջո Բայդենը և նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը հանդես եկան կարճ հայտարարություններով՝ նշելով, որ նման բռնությունը տեղ չպետք է ունենա ԱՄՆ-ում։

Թեև դեռևս սպանության համար պատճառ դարձած պաշտոնական և վերջնական վարկած չկա, իսկ սպանություն կատարած Թայլեր Ռոբինսոնը ձերբակալված է, այնուամենայնիվ Քըրքի աջակիցները և հանրապետականները արդեն իսկ պնդում են, որ Քըրքը սպանվել է իր քաղաքական հայացքների համար։ Սպանության օրը Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսը հայտարարել է. «Սա խավարի օր է մեր նահանգի համար։ Սա ողբերգական օր է մեր ազգի համար… Ես ուզում եմ շատ հստակ ասել, որ սա քաղաքական սպանություն է»։ Ըստ նահանգապետ Քոքսի՝ «ակնհայտ է, որ դրա հետևում ձախակողմյան գաղափարախոսություն է»՝ հղում անելով Ռոբինսոնի ընտանիքի և ընկերների վկայություններին: CNN-ի «Երկրի վիճակը» հաղորդման ժամանակ նա հավելել է. «Այդ տեղեկատվությունը ստացվել է նրա շրջապատի մարդկանցից, նրա ընտանիքի անդամներից և ընկերներից»:

Ներկայումս Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվող Թայլեր Ռոբինսոնին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության համար, իսկ դատախազները հայտարարել են մահապատիժ պահանջելու մտադրության մասին։ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քաշ Փաթելը հայտարարել է, որ քննության ընթացքում ձեռք բերված ԴՆԹ-ի նմուշները համապատասխանում են սպանության մեջ կասկածվող 22-ամյա Թայլեր Ռոբինսոնին։ Ըստ Փաթելի՝ Ռոբինսոնը անցյալ շաբաթ սոցիալական հարթակներից մեկում գրել էր, որ ինքը «հնարավորություն է ստացել ոչնչացնելու» պահպանողական ազդեցիկ անձին, և ինքը պատրաստվում է «օգտվել դրանից»։ Ըստ Փաթելի՝ կասկածյալը հայտարարել էր ատելության խոսքի հետ բանակցելու անհնարինության մասին։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ