USD378.89EUR440.42RUB4.8644

18-մետրանոց ավտոբուսների ներդրմամբ նոր սահմանափակումներ կկիրառվեն մարդատար մեքենաների համար. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ 18 մետրանոց 250 ավտոբուսների ներդրման ծրագիրը ոչ միայն ամփոփում է մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների առաջին ամբողջական փուլը, այլև հնարավորություն է տալիս լուծել մի շարք առանցքային խնդիրներ։

Քաղաքապետի խոսքով՝ առաջին հերթին խոսքը խցանումների նվազեցման մասին է։

«18-մետրանոց 250 ավտոբուսների մուտքով մենք հնարավորություն կունենանք որոշակի նոր կարգավորումներ սահմանել մարդատար մեքենաների համար, որոնց քանակը շարունակաբար աճում է։ Ստեղծելով հանրային տրանսպորտի նոր համակարգ՝ մենք կկարողանանք որոշ փողոցներում թույլատրել միայն հանրային տրանսպորտի երթևեկությունը՝ արգելելով այլ մեքենաների մուտքը»,– նշել է Ավինյանը։

Նրա ընդգծմամբ՝ յուրաքանչյուր 18-մետրանոց ավտոբուս փոխարինում է միջինում 80–100 մարդատար ավտոմեքենայի։

«Մենք կարող ենք այս համեմատականները հստակ անել․ դա լուրջ ազդեցություն ունի երթևեկության կազմակերպման վրա»,– ասել է քաղաքապետը։

Տիգրան Ավինյանը կարևորել է նաև օդի որակի բարելավման գործոնը՝ նշելով, որ նոր ավտոբուսները արտանետումներ չեն ստեղծում։

«Դրանք փոխարինում են մոտ 25 հազար մարդատար մեքենայի։ Դա նշանակում է, որ 25 հազար մեքենայի արտանետում դուրս է գալիս քաղաքից»,– ընդգծել է նա։

Քաղաքապետի խոսքով՝ ծրագիրը միաժամանակ կարևոր է թե՛ խցանումների նվազեցման, թե՛ մայրաքաղաքի օդի որակի բարելավման տեսանկյունից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ