2025 թվականին ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով հարուցված քրեական վարույթների շրջանակում ՀՀ պետբյուջե է վերականգնվել 460 մլն 417 հազար դրամից ավելի վնաս։ Այդ մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ)՝ ներկայացնելով տարվա վերահսկողական գործունեության արդյունքները։
Տեսչական մարմնի տվյալներով՝ տարվա ընթացքում իրականացվել է 100 ստուգում, որոնց արդյունքում արձանագրվել է 207 իրավախախտում։ Ըստ արձանագրված խախտումների՝ կայացվել է 195 վարչական տույժի որոշում, իսկ նշանակված տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 27 մլն 160 հազար դրամ։
Ստուգումների ընթացքում հայտնաբերվել է 233 ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալների թաքցման դեպք։ ԲԸՏՄ-ի հաշվարկներով՝ այդ գործողությունների հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է ավելի քան 2 մլրդ 42 մլն դրամ։
Միաժամանակ արձանագրվել է շուրջ 14.9 մլն խորանարդ մետր ապօրինի արդյունահանված հանքանյութ, որի հիման վրա Պետական եկամուտների կոմիտեն հաշվարկել է պետությանը հասցված վնասը՝ 26.3 մլրդ դրամից ավելի։
ԲԸՏՄ-ի կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթների շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում պետությանը պատճառված վնասից արդեն իսկ վերականգնվել է ավելի քան 460 մլն դրամ։
Տեսչական մարմինը նշում է, որ վերահսկողական աշխատանքները շարունակվելու են՝ ընդերքօգտագործման ոլորտում օրինականության ապահովման և շրջակա միջավայրին հասցվող վնասների կանխարգելման նպատակով։