USD382.48EUR445.78RUB4.8299

2026-ին կգործարկվի համընդհանուր առողջապահական ապահովագրությունը. ներկայացվեցին բյուջեի հիմնական առաջնահերթությունները

Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը ներդրվելու է 2026 թվականին։ Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով կառավարության սոցիալ-տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման հիմնական ուղղությունները։

Սոցիալական աջակցություն և բնակարանային ծրագրեր

Նախարարի խոսքով՝ կշարունակվի Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը․ դրա համար նախատեսվել է 55 միլիարդ դրամ (մոտ 143 միլիոն դոլար)։ Բացի այդ, 9.7 միլիարդ դրամ կհատկացվի աշխատաշուկայից դուրս մնացած, չմարված վարկային պարտավորություններ ունեցող անձանց աջակցության ծրագրին։

Կենսաթոշակառուները ևս 2026-ին կշարունակեն ստանալ անկանխիկ վճարումների դիմաց կանխիկ վերադարձ․ դրա համար հատկացվել է 20 միլիարդ դրամ, ինչը 7.6 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Ենթակառուցվածքներ և ճանապարհաշինություն

Ճանապարհաշինության համար նախատեսված է 66.2 միլիարդ դրամ (172 միլիոն դոլար), իսկ շինարարության համար՝ 30.6 միլիարդ դրամ (79.5 միլիոն դոլար)։ Հիմնական շեշտը դրվելու է Հյուսիս–Հարավ մայրուղու կառուցման վրա, մասնավորապես՝ Քաջարանի և Բարգուշատի թունելների ու Սիսիան–Քաջարան ճանապարհի (60 կմ) շինարարության մեկնարկի վրա։

Բացի այդ, 4.9 միլիարդ դրամ կուղղվի Ակադեմգորոդոկի նախագծման և կառուցման աշխատանքներին։

Կրթություն և գիտություն

Կշարունակվեն դպրոցների ու մանկապարտեզների շինարարությունը և կապիտալ վերանորոգումը։ Հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը կբարձրացվեն՝ ըստ նրանց գնահատման արդյունքների։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծախսերի բաժինը ՀՆԱ-ում 2026-ին կաճի 3.5%-ի՝ 2025 թվականի 3.3%-ի դիմաց։

Տնտեսություն և բարձր տեխնոլոգիաներ

Կպահպանվի պետական աջակցությունը բարձր տեխնոլոգիական ընկերություններին, ներառյալ միգրանտների ներգրավումն ու վերապատրաստումը։ Առաջին անգամ ֆինանսական օգնություն կտրամադրվի ավիաընկերություններին՝ Երևանի և Շիրակի օդանավակայաններից նոր ուղղություններով չվերթներ իրականացնելու համար (3 միլիարդ դրամ)։

Առողջապահություն

Առողջապահության նախարարության ծախսերի բաժինը ՀՆԱ-ում կաճի 1.8%-ի՝ նախորդ տարվա 1.5%-ի դիմաց։ Սա պայմանավորված է 2026-ից համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմամբ։

Աղքատության դեմ պայքար

Կգործարկվի ընտանիքների աղքատության գնահատման նոր համակարգ, որը նախատեսված է կիրառել ամբողջ երկրում՝ ծայրահեղ աղքատության դեմ պայքարը թիրախավորելու նպատակով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ