USD381.36EUR449.01RUB4.8711

2026 թվականին էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում չեն փոխվի

2026 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները կմնան անփոփոխ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։

ՀԾԿՀ-ն համապատասխան որոշումն ընդունել է դեկտեմբերի 30-ին կայացած նիստի ընթացքում, որի շրջանակում հաստատվել են էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների սակագները։

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ սակագների ձևավորման վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների համակողմանի վերլուծության արդյունքում պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չկա։

Արդյունքում՝ գործող սակագները 2026 թվականին կպահպանվեն՝ առանց փոփոխության։ ՀԾԿՀ-ն նշում է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով համակարգի ֆինանսական կայունությունը, արտադրության և բաշխման ծախսերը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը։

Էլեկտրաէներգիայի սակագների անփոփոխ պահպանումը դիտվում է որպես սոցիալական կարևոր քայլ՝ հատկապես բնակչության և տնտեսության համար կանխատեսելի ծախսերի ապահովման տեսանկյունից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ