USD381.51EUR450.03RUB4.8918

2027 թվականից Հայաստանում կսահմանափակվի մեկանգամյա օգտագործման պլաստիկի շրջանառությունը

Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից կսահմանափակվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Նոր կարգավորումների համաձայն՝ արգելվելու է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից պատրաստված աղբի համար նախատեսված պարկերի։

Արգելքի տակ կընկնեն նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաներն ու սպասքը, այդ թվում՝ ափսեները, բաժակները, գդալները, պատառաքաղները, դանակները, ինչպես նաև ըմպելու և խառնելու համար նախատեսված ձողիկները։

Նախարարության հաղորդմամբ՝ պլաստիկ արտադրանքին որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել թղթից, կտորից և այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակներ, թղթից և փայտանյութից պատրաստված սպասք, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաներ։

Փոփոխությունների նպատակը շրջակա միջավայրի պահպանությունն է, պլաստիկ թափոնների կրճատումը և կայուն սպառման մշակույթի ձևավորումը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ