USD389.76EUR406.4RUB3.79

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։

2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվել է բավական բարենպաստ տնտեսական միջավայրում, սակայն արդեն 2024թ. մայիս ամսից տեսանելի են իրավիճակի կտրուկ վատթարացման նշաններ (գրեթե կրկնակի նվազել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, կտրուկ դանդաղել է արդյունաբերության աճը, ոսկերչական գործունեության կտրուկ նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման և ներմուծման աճի տեմպերը, վատթարացել է ՀՀ այցելած և ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակի սալդոն, զգալիորեն նվազել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված առևտրային և ոչ առևտրային բնույթի զուտ դրամական փոխանցումները, վատթարացել է բյուջեի հաշվեկշիռը և այլն)։ Այս բացասական միտումների շարունակման պարագայում ծրագրի իրատեսականության վերաբերյալ մտահոգությունները կխորանան։ Ի դեպ, համաձայն ՄԺԾԾ-ի շրջանակներում իրականացված սցենարային վերլուծության արդյունքների՝ տնտեսական աճի ռիսկերի նյութականացման հոռետեսական սցենարով (որով մասնավորապես ենթադրվում է 2022-2023թթ. ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում առաջացած դրական շոկի աստիճանական շրջադարձ) չի բացառվում, որ տնտեսական աճի տեմպերը կտրուկ դանդաղեն։ Ընդ որում, զարգացման այնպիսի սցենարը, որ միջնաժամկետում տնտեսական աճի տեմպը կազմելու է 3-5%, գրեթե նույնքան հավանական է, որքան հիմնական սցենարը, որի հիման վրա կազմվել է ՄԺԾԾ-ն, և համաձայն որի տնտեսական աճի տեմպը գտնվելու է 5-7% միջակայքում։

Եթե անգամ բացառվի բացասական միտումների հետագա խորացման վտանգը, ներկայացված միջնաժամկետ ծախսերի ծրագիրն արդեն իսկ առաջացնում է որոշ մտահոգություններ, որոնցից առավել ակնառուները հետևյալներն են.

🔹Ծրագրով առաջիկա 3 տարիներին նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի բարձրացման մասին չի խոսվում: Այսինքն՝ հաշվի առնելով գնաճի կանխատեսվող մեծությունները, ստացվում է, որ չբարձրացման դեպքում դրանք իրական արտահայտությամբ 2027թ.-ի վերջում շուրջ 16%-ով պակաս կլինեն 2024-ի տարեսկզբի համեմատ։

🔹Պետական բյուջեի հարկային եկամուտների ընթացիկ հավաքագրումներն էապես նվազել են, իսկ 2025-2027թթ. ՄԺԾ ծրագրում դրանց՝ 2024թ. համար սպասվող մեծությունը՝ 2,496.9 մլրդ դրամ, 4.5%-ով կամ 116.7 մլրդ դրամով ցածր է 2024թ. պետական բյուջեով պլանավորված մեծությունից։

🔹Հարկային եկամուտների կանխատեսումներում շարունակվում է «հարկեր/ՀՆԱ» ցուցանիշի ագրեսիվ աճի սցենարը։ Մինչդեռ տարբեր երկրների ու ժամանակաշրջանների փորձը ցույց է տվել, որ նման տեմպերով շարունակական բարելավում սովորաբար հնարավոր չի լինում ապահովել: Ավելին, ներկայիս միտումների պահպանման պարագայում առավել հավանական է այդ ցուցանիշի նվազումը, չնայած 2024թ.-ին և հետագա տարիներին այդ ցուցանիշի բարելավմանը զգալի չափով «նպաստելու է» կատարված մեթոդաբանական փոփոխությունը, համաձայն որի պետական բյուջեի եկամուտներում 2024-ից ներառվում են նաև հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի գումարները։

🔹Կառավարության պարտքը կտրուկ աճելու է։ Ծրագրով նախատեսվում է, որ 2027թ. վերջում կառավարության պարտքը կկազմի 7.4 տրիլիոն դրամ կամ 2024թ. վերջի համար սպասվող մեծությունից՝ շուրջ 5.2 տրիլիոն դրամից 43.5%-ով ավելի։ Իսկ ՀՆԱ-ում կառավարության պարտքի կշիռը 2026 և 2027թթ.-ին կկազմի 55%՝ 2024թ. համեմատ ավելանալով 4.5 տոկոսային կետով։

🔹2025-2027թթ. ՄԺԾԾ-ով մի շարք միջոցառումներ ներկայացվել են առանց հստակ չափելի արդյունքային ցուցանիշների: Ծրագրում բազմաթիվ են «հռչակագրային» բնույթի մտքերը («կբարելավվի», «կապահովվի», «կներդրվի», «կմշակվի», «կշարունակվի», «կընդլայնվի» ոճի), սակայն, դրանց զգալի մասի հետ կապված որևէ քանակական չափելի թիրախ ըստ տարիների չի ներկայացվում: Օրինակ՝ «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով արդյունքային ցուցանիշ նշված է միայն նախադպրոցական հաստատությունների մասով: Ընդ որում, չնայած կառավարության գործունեության ծրագրի ավարտին մնացել է 2 տարի, սակայն «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրով անցած ժամանակաշրջանում շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են կառավարության ծրագրով նախատեսված ծավալի ընդամենը 1/4 մասով։

ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝https://shorturl.at/G0aCQ:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ