Ամերիկյան Tesla կորպորացիան նվազեցրել է Մեքսիկայում ամենամատչելի Model 3 մեքենայի գները։ Ընկերությունն արդեն սկսել է Model 3-ի վաճառքը Մեքսիկայում իջեցված գնով։
Էլեկտրական մեքենան ԱՄՆ-ում հասանելի տարբերակից տարբերվում է ավելի պարզ հագեցվածությամբ։ Այսպես, գնորդը կարող է մեքենան ձեռք բերել միայն մեկ տարբերակով և առանց լրացուցիչ հագեցվածության։
Մեքսիկայում էժան Model 3-ն արժե 749 հազար պեսո կամ շուրջ 35 հազար դոլար։ ԱՄՆ-ում ամենամատչելի մոդելը 4 հազար դոլարով ավելի թանկ է։ Մեքենայի մեքսիկական տարբերակը միայն տեքստիլ սրահով է. չկա վեգան կաշվից պատրաստված տարբերակ: Մեքենայում բացակայում են նաև RGB լուսավորությունը, հետևի նստատեղի ուղևորների համար նախատեսված էկրանը և ղեկի կամ նստատեղի տաքացվող գործառույթը:
Electrek-ի փորձագետների կարծիքով՝ ընկերությունը կգնահատի նման մեքենայի ժողովրդականությունը և, հաջողության դեպքում, կարող է դրանց վաճառքը սկսել ԱՄՆ-ում և այլ երկրներում։
Մինչդեռ, լրագրողները հիշեցնում են, որ ավելի վաղ Tesla-ն ավելի հասանելի՝ 25,000 դոլար արժողությամբ էլեկտրական մեքենա էր մշակել, սակայն ընկերությունը հրաժարվել է այս գաղափարից՝ հօգուտ անօդաչու տաքսու ստեղծման։