USD389.76EUR406.4RUB3.79

ԵՄ-ին անդամակցելու հարցով սկսվել է ստորագրահավաք

Ստորագրահավաք են սկսել «Հանուն Հանրապետության», «Հանրապետություն», «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները: 60-օրյա ժամկետում պետք է հավաքվի 50.000 ստորագրություն:

«Ուղիղ երկու տարի առաջ թշնամին Հայաստանի սահմանի տարբեր հատվածներից ներխուժել էր մեր երկրի տարածք և, մեծ հաշվով, մենք անօգնական և անճար վիճակում էինք, որովհետև վերջին անգամ համոզվեցինք, որ դաշնակիցն այլևս դաշնակից չէ, և մենք պետք է մեր գլխի ճարը տեսնենք»,- ասել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ 

«Կարող ենք ամբողջ ազգով կանգնել արևելյան ու արևմտյան սահմաններին և շատ ուժեղ բղավել, որ թուրքը մեր թշնամին է։ Բայց դրանից ոչ մենք ենք ուժեղանալու, ոչ էլ թուրքն է թուլանալու։ Մենք դրանից ավելին պետք է անենք և այդ ծուղակից պիտի մեզ դուրս բերենք, որովհետև դա հայկական պետականության զարգացումն արգելակող ծուղակ է։ Չփոխել ոչինչ, նշանակում է թույլ տալ, որպեսզի ռուս-թուրքական դոմինանտությունն այս տարածաշրջանում հավերժ լինի։ Այս նպատակն է հետապնդել մեր թշնամին 100 տարի։ Այդ նպատակի ճանապարհն էր նաև 2020 թվականի պատերազմն Արցախի դեմ և 2023 թվականին Արցախի հետ տեղի ունեցածը, որն, ըստ էության, կնքեց ռուս-թուրքական դոմինանտությունը մեր տարածաշրջանում։ Հիմա մենք պատրաստվում ենք հաշտվե՞լ այդ իրականության հետ, թե՞ պատրաստվում ենք գործել»,- հայտարարել է Բաբաջանյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանն այս տարածաշրջանում ռուս-թուրքական այս տանդեմին վերջ տալու մի տարբերակ ունի՝ ԵՄ անդամակցության հայտով և, ի վերջո, լիիրավ անդամակցությամբ դառնալ տարածաշրջանային խաղացող։ Ռուս-թուրքական պայմանավորվածությունը չեղարկելու մի հնարավորություն կա՝ Հայաստանը պիտի այս տարածաշրջանում սուբյեկտ ու դերակատար դառնա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ