ԼՂ հայրենակիցները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չեն դադարում ստանալ կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցությունը։
«Ի պատասխան բազմաթիվ հարցադրումների՝ հիշեցնում ենք, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում Ձեզ՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության տրամադրման գործընթացը։ Այսինքն՝ անկախ ՀՀ քաղաքացիություն ստանալու հանգամանքից՝ Դուք կշարունակեք համարվել տվյալ միջոցառման շահառու, եթե բավարարում եք ծրագրի հիմնական պայմաններին։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ավարտը 2024 թ․ դեկտեմբեր ամիսն է։ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների մշտական բնակության նպատակով՝ իրականացվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որին կարող եք դիմել https://housing.socservice.am/ հղմամբ։
Դրանից զատ, ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել 2025 թ․ ընթացքում որոշակի ժամկետով դրամական աջակցություն տրամադրելու միջոցառում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված հատուկ և առանձին խմբերի համար»,- ասվում է նախարարության տարածած հաղորդադրության մեջ։