Թաիլանդի իշխանությունները սկսել են իրականացնել «Թվային դրամապանակ» ծրագիրը։ Առաջին օրը երկրի 3 միլիոն քաղաքացու յուրաքանչյուրին վճարվել է 10 հազար բատ՝ դա մոտ 300 դոլար է։ Reuters-ի փոխանցմամբ՝ 14 միլիարդ դոլար արժողությամբ տնտեսական խթանման ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին։ Առաջին փուլում 14,5 միլիոն թաիլանդցիներ՝ բնակչության առավել խոցելի շերտերից՝ սոցիալական քարտեր ունեցողներից և հաշմանդամություն ունեցողներից, կստանան 10 հազար բաթ։ Առաջին փուլը նախատեսվում է ավարտել մինչև ամսվա վերջ։ Ծրագրին մասնակցելու համար ընդհանուր առմամբ գրանցվել է 36 միլիոն մարդ՝ Թաիլանդի 71 միլիոն բնակչությունից։
«Փողերը կհոսեն թաիլանդցիների ձեռքը և եկամուտների բում կառաջացնեն», – ասել է վարչապետ Ֆաթոնգ Թան Շինավատրան ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ:
Սկզբում նախատեսվում էր, որ գումարը կուղղվի «թվային դրամապանակին», որը հատուկ նախագծված է սմարթֆոնների հավելվածի միջոցով միջոցներ բաշխելու համար, սակայն սխեմայի իրականացումը որոշվել է հետաձգել։ Միջոցները մուտքագրվելու են անմիջապես քաղաքացիների բանկային հաշիվներին։ Թաիլանդի բնակիչներին գումարի բաշխումը հայտարարվել է 2023 թվականին՝ որպես իշխող «Ֆեու Թայ» կուսակցության նախընտրական ծրագրի կետերից մեկը։ Կառավարությունը նախատեսել է 450 միլիարդ բաթ (13,7 միլիարդ դոլար) հատկացնել վճարումներ կատարելու համար։ Ֆեու Թայը կարծում է, որ այդ միջոցը կխթանի սպառումը և գործարար ակտիվությունը, ինչը կբերի տնտեսական աճի։ Սակայն, ինչպես հայտնում է Reuters-ը, Թաիլանդի Կենտրոնական բանկի երկու նախկին ղեկավարներ այդ սխեման անվանել են ֆինանսապես անպատասխանատու: