Հայ-իրանական սահմանը հայկական պետհամարանիշներով սեփական մեքենայով հատելու համար այս տարվա հոկտեմբերի 1-ից նրանք կարող են ստանալ Carnet de Passage կամ կարճ CDP՝ մաքսային տարանցման փաստաթուղթ, որը էապես հեշտացնում է մաքսային գործընթացները և հնարավորություն է տալիս Իրանում հայկական մեքենաներ վարել։ Նախկինում ՀՀ քաղաքացիներն իրենց մեքենայով Իրան մուտք գործելու համար վճարում էին 2000-3000 դոլար ապահովագրության համար, 1000 դոլար՝ մեքենայի համար որպես դեպոզիտ, իսկ հայ-իրանական սահմանին մաքսազերծումը տևում էր մի քանի ժամ։ Այս խնդիրներից խուսափելու համար հայերը հիմնականում Իրան էին մեկնում առանց մեքենաների, իսկ Սյունիքի մարզի բնակիչները, ովքեր հաճախ իրենց առևտուրն են անում Իրանի հետ, ստիպված էին ոտքով հատել սահմանը և ոտքով սահմանամերձ տարածքից գնված ապրանքը բերել Հայաստան։ ՔԴԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Մարտիրոսյանի խոսքով, գարնան գալուստով սպասվում է օրական 100-150 ավտոմեքենայի տարանցում։ Գրասենյակը ներկայումս մշակում է մուտքի փաստաթղթերը 1, 3 և 5 ամիս ժամկետով, որոնց արժեքը սկսվում է $450-ից։ Իրան մուտք գործելու Հայաստանի քաղաքացիների ակտիվությանը խոչընդոտում է նաև այն, որ Carnet de Passage գրասենյակն այս պահին միայն Երևանում է։ Սակայն մոտ ապագայում նախատեսվում է գրասենյակ բացել հենց հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում։ Իրանի հետ համագործակցության հայկական փորձով հետաքրքրվել է նաև հարևան Վրաստանը։ Վրացական կողմը կապ է հաստատել ՔԴԿ հայաստանյան ներկայացուցչության հետ և ցանկություն հայտնել մասնակցել ծրագրին։