«Մենք արդեն ունենք էական փոփոխություններ էներգետիկայի դիվերսիֆիկացման հարցում։ Այս տարի արևային էլեկտրակայանները կապահովեն Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 12%-ը, մինչդեռ մի քանի տարի առաջ դրանք ներառված չէին ընդհանուր համակարգում։ Դրա շնորհիվ Հայաստանն այս տարի կկարողանա 6 տոկոսով կրճատել բնական գազի ներկրման ծավալը։ Սա բավականին նշանակալի ցուցանիշ է, այդ թվում՝ երկրի տնտեսության վրա դրա ազդեցության տեսանկյունից»,- ասաց Հայաստանում էներգետիկ անվտանգության USAID ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը։
Մինչև 2050 թվականը նախատեսվում է նվազագույնի հասցնել երկրի կախվածությունը «կապույտ» վառելիքից՝ աստիճանաբար էներգետիկ ոլորտին «կանաչ» երանգ հաղորդելով։ Այսօր Հայաստանի էներգետիկ անկախությունը կազմում է մոտ 27%, ինչը շատ խոցելի է դարձնում պետությունն ու տնտեսությունը։
«Մեր աշխատանքի արդյունքներով արդեն փոփոխություններ են կատարվել մինչև 2040 թվականն ընկած ժամանակահատվածի էներգետիկ ռազմավարության մեջ, վերանայվել են 2030-40 թվականների վերականգնվող էներգետիկայի զարգացման թիրախները։ Ըստ այդմ, 2030 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը նախատեսվում է հասցնել 50 տոկոսի։ Դա հնարավոր է դառնում մոտ 1000 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման միջոցով։
2040 թվականից այս ցուցանիշը նախատեսվում է հասցնել 60 տոկոսի՝ 500 մեգավատ հզորությամբ լրացուցիչ արևային և 500 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայանների կառուցման միջոցով»,- նշեց Բուդաղյանը։