ՀՀ կառավարությունն նիստում հավանություն է տվել Ասիական զարգացման բանկի հետ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման վարկային համաձայնագրի նախագծին. սա Սիսիան-Քաջարան հատվածի երրորդ և վերջին վարկն է։ 236 մլն եվրո վարկով կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը (27,1 կմ ընդհանուր ճանապարհի 60 կմ երկարությունից): Այս հատվածում նախատեսվում է կառուցել 16 կամուրջ և երեք թունել։ Արդյունքում իրանական սահմանից Երևան ճանապարհորդության ժամանակը կկրճատվի մեկուկես ժամով։ Ճանապարհը նախատեսվում է համալրել էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններով։ Ընդհանուր առմամբ, շինարարությունը բաժանված է երեք լոտերի՝ հյուսիսային, հարավային և Բարգուշատի թունելը (8,9 կմ), որն ամենաերկարն է լինելու անկախ Հայաստանի պատմության մեջ։ ՀՀ կառավարությունը նույն ծավալով Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար ստորագրել էր ևս երկու վարկային համաձայնագիր՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ։ Սիսիան-Քաջարան ճանապարհի 708 մլն եվրոյի ֆինանսավորումն ամբողջությամբ ներգրավվել է։