– Ի՞նչ է պետք, որպեսզի ամուսնալուծությունը գրանցվի:
– Ամուսնալուծությունը արտադատական կարգով է գրանցվում, եթե ամուսինները համաձայն են և միասին դիմում են ներկայացնում ՔԿԱԳ մարմին, այս դեպքում ամուսնալուծությունը գրանցվում է մեկ ամիս անց, ի դեպ ամուսնալուծվողների ներկայությունը պարտադիր չէ:
– Ե՞րբ է ամուսնալուծությունը դատական կարգով լուծվում:
– Ամուսնալուծությունը դատական կարգով է լուծվում, եթե ամուսիններից մեկը չի համաձայնում ամուսնալուծությանը կամ եթե նրանք ուզում են փոխադարձ համաձայնությամբ բաժանվել։
– Ի՞նչ է լինում ամուսնության հետ, եթե մեկը մահանում է:
– Եթե ամուսիններից մեկը մահանում է կամ դատարանը նրան մահացած է ճանաչում, ամուսնությունը դադարում է։
– Կարո՞ղ է ամուսինը պահանջել ամուսնալուծվել, եթե կինը հղի է:
– Ոչ, չի կարող, եթե կինը հղի է, ամուսինը պետք է ստանա նրա համաձայնությունը՝ ամուսնալուծվելու համար։
– Արդյո՞ք ամուսնացողի առողջության մասին տեղեկությունները գաղտնի են:
– Այո, այդ տեղեկությունները բժշկական գաղտնիք են, սակայն եթե նա համաձայնում է, ապա դրանք կարող են հաղորդվել այն մարդուն, ում հետ նա ցանկանում է ամուսնանալ։
– Ի՞նչ կպատահի, եթե ամուսիններից մեկը թաքցնի, որ սեռավարակ կամ այլ խնդիրներ ունի:
– Եթե ամուսնացող մարդը թաքցնի, որ ունի սեռավարակ կամ օրինակ՝ մարդու իմունային անբավարարության վիրուս, կամ հոգեկան հիվանդություն կամ թմրամոլություն, մյուս ամուսինը իրավունք ունի դատարան դիմել, որպեսզի ամուսնությունը անվավեր ճանաչվի։
Կցանկանամ նաև նշել, որ մեկ ուրիշին ուղղակի դիտավորությամբ սեռավարակով վարակելը պատժվում է մինչև անգամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
– Արդյո՞ք ամուսինները կարող են փոխել իրենց ազգանունը ամուսնալուծությունից հետո:
– Այո, ամուսնալուծությունից հետո նրանք կարող են և՛ պահպանել ամուսնական ազգանունը, և՛ վերադառնալ իրենց սկզբնական ազգանունին։
– Ինչպե՞ս է բաժանվում գույքը ամուսնալուծության ժամանակ:
– Ամուսնալուծության ժամանակ համատեղ ձեռք բերված գույքը, օրինակ՝ անշարժ գույքը, ավտոմեքենաները, ֆինանսական միջոցները ենթակա են բաժանման։
Շատ դեպքերում կանայք հարցնում են, թե ինչպե՞ս կարող է համատեղ ձեռք բերված գույքից բաժին ունենալ, եթե երբևէ չեն գտնվել աշխատանքային հարաբերությունների մեջ, այսինքն երբևէ անձամբ չեն վաստակել գումար, օգտվելով առիթից ուզում եմ նշել, որ համատեղ ձեռք բերված գույք է համարվում այն գույքը, որը ձեռք է բերվել օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության ընթացքում: Տվյալ պայմանը ամբողջովին բավարար պայման է գույքը բաժանելու համար:
Սակայն կան նաև բացառություններ, օրինակ՝ որպես ժառանգություն կամ նվեր ստացած գույքը ենթակա չէ բաժանման, դա մնում է հենց այդ անձի սեփականությունը։
Վարկերը, պարտքերը՝ ամուսնալուծության ժամանակ նույնպես չեն բաժանվում, վարձակալված գույքը ևս չի բաժանվում, հիշեցնեմ, որ թվարկածներս ամբողջական չեն:
– Կարո՞ղ եք ամբողջականացնել:
– Իհարկե, նման դեպքերը շատ տարածված չեն, դրանով պայմանավորված չթվարկեցի ամբողջը, սակայն, սիրով, այսպես, օրինակ՝ բաժանման ենթակա չէ նաև ամուսնության ժամանակ ստացած թանկարժեք իրերը, անձնական իրերը՝ կլինեն դրանք հագուստ, կոշիկ, աքսեսուար, թե խնամքի միջոցներ: Այս դեպքում պետք է ապացուցել, որ դրանք տվյալ անձինն են և համատեղ կառավարում չի եղել։
Չեն բաժանվում նաև ամուսիններից մեկին պատկանող ստեղծագործական մտքի արդյունքները, դրանցից ստացված եկամուտները։
Երեխաների օգուտի համար ձեռք բերված գույքը, որը գտնվում է նրանց ծնողների կամ խնամակալների տնօրինության տակ, սովորաբար չի կարող բաժանվել, քանի որ այն պատկանում է երեխաներին։
– Կա՞ որևէ բան, որը կուզենայիք ավելացնել:
– Այո, որքան էլ գեղեցիկ են հարբերությունները մինչև ամուսնությունը և թեկուզ դրանից հետո, որքան էլ որ կա վստահություն միմյանց նկատմամբ, ես կուզենայի, որ մեր երկրում ամուսնական պայմանագրերի կնքումը ավելի լայն բնույթ կրեր և հասարակական, ավանդական կարծրատիպերը առանց այն էլ բարդ հոգեբանական վիճակում գտնվող ամուսնալուծվող մարդկանց կյանքը չբարդացնեին, դա նորմալ, գրագետ որոշում է, որը բարդ իրավիճակում միմիայն օգնելու է և ետ է պահելու ավելորդ սթրեսից: