2024թ․ Չինաստանում գրանցվել է վերջին չորս տասնամյակի ընթացքում ամուսնությունների ամենացածր թիվը, ինչը վկայում է այն մասին, որ ծնելիության նվազման և բնակչության թվի նվազման հետ կապված խնդիրներն, ամենայն հավանականությամբ, այս տարի կխորանան:
Անցյալ տարի Չինաստանում ամուսնացել է 6,10 միլիոն զույգ, ինչը 20,5%–ով պակաս է 2023թ․ համեմատ։ Այս ցուցանիշը ամենացածրն է 1980 թվականից ի վեր։ 2024թ․ ամուսնալուծությունների թիվն աճել է 1,1%–ով և կազմել 2,82 միլիոն, չնայած ամուսնությունների թվի նվազմանը:
Չինաստանի ժողովրդագրական ճգնաժամը սրվում է ծնելիության քրոնիկ ցածր մակարդակով, ինչը արդյունք է վերարտադրողական տարիքի կանանց թվի նվազման և երիտասարդների շրջանում ամուսնությունն ու ընտանիք կազմելը հետաձգելու աճող միտման՝ սոցիալական և տնտեսական մի շարք գործոնների պատճառով: Չնայած կառավարության ջանքերին՝ խրախուսելու ամուսնական զույգերին ավելի շատ երեխաներ ունենալ, ակնկալվում է, որ Չինաստանի բնակչությունը կշարունակի նվազել՝ ստեղծելով երկարաժամկետ քաղաքական մարտահրավեր, քանի որ երկիրը բախվում է աշխատուժի կրճատման և հասարակության արագ ծերացման:
2024թ․ Չինաստանում, 2017 թվականից ի վեր առաջին անգամ, գրանցվել է ծնելիության փոքր աճ, երբ ծնունդների թիվը հասել է 9,54 միլիոնի՝ նախորդ տարվա 9,02 միլիոնի համեմատ: 2023 թվականին գրանցված ամուսնությունների թիվն առաջին անգամ աճել էր։ 2025 թվականին Չինաստանում ծնելիության մակարդակը, ամենայն հավանականությամբ, կվերսկսի նվազման միտումը: