USD389.45EUR409.74RUB3.86

Արդյոք պատկերացնու՞մ ենք կիբեր հարձակումների ծավալը Հայաստանում

Media.am

Արդյո՞ք մենք գիտակցում ենք, թե ինչ է կատարվելու կիբերհանցագործությունների հետ մեր երկրում, և ընդհանրապես՝ աշխարհում։ Իրականում, երևի թե, գործիքակազմ էլ չկա, հստակ իմանալու, թե ինչ ծավալների է այն հասնում։  

Ըստ մոտավոր տվյալների՝ հարյուր զոհից միայն մեկն է դիմում իրավապահ մարմիններին։ Հայաստանում, շատ հնարավոր է, որ այդ ցուցանիշը էլ ավելի բացասական լինի, քանի որ կա անվստահություն պետական ինստիտուտների հանդեպ։  

Ըստ որոշ հաշվարկների՝ աշխարհի մակարդակով կիբերհանցագործություններից տարեկան վնասը կարող է հասել աստղաբաշխական չափերի 9,5 տրիլիոն դոլարի։ 

Որքա՞ն են եղել ֆինանսական կորուստները Հայաստանում կիբերհանցագործությունների հետևանքով. ոչ ոք չգիտի։ Շատ դեպքերում նույնիսկ զոհերը տեղյակ չեն, քանի որ ամիսներ շարունակ մնում են խաբված։ Հանցագործ խմբերը համոզում են մարդկանց, որ իրենց սխալի պատճառով են կորել կրիպտոարժույթով կատարված «ներդրումները», որ հենց զոհերի մեղավորությունն է, ինչ-որ հարկեր չեն վճարել, սխալ բան են կատարել։ Եվ մարդիկ երկար ժամանակ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ կորցրել են իրենց գումարները։ Իսկ որոշ անձինք նույնիսկ վախենում են հետո դիմել իրավապահներին, քանի որ իրենց համոզում են, որ հենց իրենք են հանցանք կատարվել, և պատժվելու են։ 

Ամեն դեպքում հասկանալի է, որ խոսքը տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների մասին է, որոնք տարեկան կորցնում են մեր քաղաքացիները։ Ավելին, իրավիճակը գնալով վատթարանում է, քանի որ բազմաթիվ միջազգային կիբեր հանցագործների խմբավորումների ուշադրության տակ ենք հայտնվել։  

Բացի դրանից, գնալով աճում է տեղական հանցագործությունների շուկան։ Արդեն հանցագործությունների բավականին մեծ մասի համար օգտագործվում է մաքուր հայերեն լեզուն՝ առանց Գուգլ թարգմանիչի կիրառության, ավելին՝ տեղական իրողությունները հաշվի են առնվում և այլն։  

Եթե մենք չգիտենք հստակ, թե ինչ քանակի զոհերի հետ գործ ունենք, և ինչ ֆինանսական կորուստների, ապա հստակ կարող ենք ֆիքսել տեսանելի հարձակումների ծավալի աճը։  

Միայն սոցիալական ցանցերում պտտվող վնասակար գովազդները և կարճ հաղորդագրություններով տարածվող հղումները, եթե հաշվի առնենք, ապա կարելի է արձանագրել, որ ներկա իրավիճակում, առնվազն ամեն մի Հայաստանի բնակիչ շաբաթական կտրվածքով գոնե մի քանի անգամ ենթարկվում է հարձակման փորձի։  

Իհարկե, մենք չգիտենք դրանց հաջող լինելու տոկոսի մասին, բայց ակնհայտ է, որ ներկա իրավիճակում բոլորը, անխտիր, հանդիսանում են թիրախ։ Ընդ որում թիրախ, որը անընդհատ, պերմանենտ հարձակումների տակ է, հարձակումների, որոնք շատ բազմազան են, փորձում են կոտրել մարդու պաշտպանողական համակարգը տարբեր ձևերով. Գայթակղելով, խաբելով, շփոթեցնելով։  

Սրան եթե ավելացնենք այն փաստը, որ երկիրը սկսելու է արագացված տեմպերով գնալ դեպի թվայնացում, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, ապա հասկանալի է դառնում, որ եթե չձեռնարկվեն որակապես և քանակապես ավելի լուրջ միջոցներ ինչպես հանրային իրազեկման, այնպես էլ՝ բուն հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, մենք շատ արագ կարող է կանգնենք լուրջ աղետի առջև։ 

Սամվել Մարտիրոսյան 

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ