Վերջին տարիներին Երկրի հյուսիսային մագնիսական բևեռը սկսեց արագորեն շարժվել դեպի Սիբիր, ինչը ստիպեց ԱՄՆ զինվորականներին շտապ կարգով թարմացնել Երկրի համաշխարհային մագնիսական մոդելը՝ միլիոնավոր դոլարների արժեքով։ Դա դարձավ լուրջ խթան գիտնականների համար՝ պարզելու, թե ինչու է մագնիսական դաշտի փոփոխությունը այդքան արագացել։
Ի՞նչ է պատահել իրականում
Երկրի մագնիսական դաշտը գոյություն ունի շնորհիվ մոլորակի ներքին՝ հալված մետաղական միջուկի շարժման։ Այդ շարժումը հիմնականում պտտողական է, բայց միջուկում նյութերի անհամասեռության պատճառով առաջանում են տուրբուլենտային հոսքեր՝ խախտելով հավասարակշռությունը և փոխելով մագնիսական դաշտի ուժագծերը, անգամ բևեռների դիրքը։
Միլիոնավոր հաշվարկային ժամեր
Գեոֆիզիկոսներ Ժյուլյեն Օբերը և Քրիստոֆեր Ֆինլեյը օգտագործել են 4 միլիոն ժամ սուպերհամակարգչային ռեսուրս, որպեսզի մոդելավորեն այդ երևույթները։ Պարզվել է, որ պատճառը հալված երկաթի թեթև և տաք պղպջակներն են, որոնք միջուկում բարձրանում են վեր՝ առաջացնելով մագնիսական ալիքներ։
Կա՞ լուծում
Ցավոք, ներկա պահին մարդկությունը չունի բավարար գիտելիքներ ու հնարավորություններ՝ այդ պրոցեսների ուժգնությունը չափելու կամ ճշգրիտ կանխատեսումներ անելու համար։ Բայց գիտնականները հավատում են՝ ժամանակի և աշխատանքի հարց է, երբ մոդելներն այնքան կկատարելագործվեն, որ Երկրի մագնիսական դաշտի փոփոխությունները հնարավոր կլինի կանխատեսել՝ ինչպես եղանակը։