ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ 2026 թվականի ապրիլի 15-ից բնական մաշվածության պատճառով շրջանառությունից հանվելու են երկրորդ սերնդի թղթադրամները։ Երկրորդ սերնդի թղթադրամների մեծ մասը խիստ մաշված է, իսկ շրջանառության մեջ գտնվող 1000, 5000, 10000 և 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամների մեծ մասը (ավելի քան 80%-ը) երրորդ սերնդի թղթադրամներ են (Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի և Հովհաննես Այվազովսկու դիմանկարներով): 1999 թվականին թողարկված 500 դրամանոց թղթադրամները (Ալեքսանդր Թամանյանի դիմանկարով) հիմնականում փոխարինվել են մետաղադրամներով։
Վերոնշյալ որոշման համաձայն՝ շրջանառությունից հանվելու են հետևյալ երկրորդ սերնդի հայկական թղթադրամները.
— 500 դրամ, 1999 թվականի թողարկում (Ալեքսանդր Թամանյանի դիմանկարով)։
— 1000 դրամ, թողարկված 1999, 2001, 2011, 2015 թվականներին (Եղիշե Չարենցի դիմանկարով):
— 5000 դրամ, թողարկված 1999, 2003, 2009, 2012 թվականներին (Հովհաննես Թումանյանի դիմանկարով)։
— 10,000 դրամ, թողարկված 2003, 2006, 2008, 2012 թվականներին (Ավետիք Իսահակյանի դիմանկարով)։
— 20,000 դրամ, թողարկված 1999, 2007, 2009, 2012 թվականներին (Մարտիրոս Սարյանի դիմանկարով):
Հաջորդ 12 ամիսների ընթացքում շրջանառության մեջ երկրորդ սերնդի թղթադրամների բաժինը կնվազի մինչև 3-4%։ Մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը վերոնշյալ 2-րդ սերնդի թղթադրամները համարվում են օրինական վճարամիջոց, որից հետո քաղաքացիները կկարողանան անվճար և առանց սահմանափակումների փոխանակել «հին» թղթադրամները նորերով՝ կապ հաստատելով առևտրային բանկերի կամ Կենտրոնական բանկի հետ։