Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ տրանսպորտի ուղեվարձի չվճարումների պատճառով առաջացել են բյուջետային խնդիրներ, ինչի հետևանքով կհետաձգվի նոր շարժակազմի՝ մասնավորապես տրոլեյբուսների ձեռքբերումը։
Նրա խոսքով, ուղեվարձի դեմ ակցիաներից հետո նկատվում են թերհավաքագրումներ, և անգամ նախկինում վճարող քաղաքացիները սկսել են խուսափել վճարումներից։
«Բյուջեում առաջացած բացի պատճառով նախատեսված 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի գնել։ Եթե նույն միտումը շարունակվի, հնարավոր է՝ չկարողանանք ձեռք բերել նաև մնացած 15-ը», – ասել է Կոստանյանը։
Նա նշել է, որ քաղաքապետարանը չի պատրաստվում այլ ոլորտների (օրինակ՝ հանրակրթության) հաշվին համալրել տրանսպորտի բյուջեն։
Ըստ Կոստանյանի՝ ուղեվարձի չվճարման համար վարչական պատասխանատվություն նախատեսող օրենսդրական նախագիծն այժմ քննարկվում է խորհրդարանում։ Տուգանքների սահմանման հարցը կլինի ԱԺ-ի իրավասության շրջանակում։