Ճապոնացի գիտնականները մշակել են նոր տեսակի պլաստիկ, որը կարողանում է ամբողջությամբ լուծվել ծովի ջրում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս նոր նյութը կարող է էական լուծում առաջարկել գլոբալ պլաստիկի աղտոտման խնդրին, որն այսօր սպառնում է ինչպես օվկիանոսներին, այնպես էլ վայրի բնությանը։
Հետազոտողները նշում են, որ իրենց մշակած պլաստիկը քայքայվում է շատ ավելի արագ և լիարժեք՝ առանց միկրոպլաստիկի կամ այլ վնասակար մնացորդների։ Վակո քաղաքում գտնվող լաբորատորիայում նրանք ցույց են տվել, թե ինչպես է նյութի փոքր կտորը ամբողջությամբ անհետանում աղի ջրով լցված տարայի մեջ՝ մոտ մեկ ժամ խառնելուց հետո։
Նյութը քայքայվում է նաև հողի մեջ՝ աղի ազդեցությամբ. հինգ սանտիմետրանոց կտորը ամբողջությամբ ոչնչանում է ավելի քան 200 ժամում։
Թեև առևտրայնացման հստակ ժամկետներ դեռ չեն հայտարարվել, նախագծի ղեկավար Տակուզո Աիդան հայտնել է, որ տեխնոլոգիան արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել, մասնավորապես՝ փաթեթավորման ոլորտում։
Աիդայի խոսքով՝ նոր պլաստիկը ոչ միայն թունավոր չէ, այլև չի այրվում և չի արտանետում ածխաթթու գազ։ Սա հնարավորություն է տալիս կանխել միկրոպլաստիկների կուտակումն էկոհամակարգերում և սննդային շղթայում, ինչը ներկայում լուրջ բնապահպանական վտանգ է։