USD383.23EUR440.91RUB4.8211

Երևանի 2024թ. բյուջեի եկամուտները գերազանցել են 116 միլիարդ դրամը

Երևանի 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նախորդ տարվա համեմատ աճը զգալի է. 2023 թվականի ցուցանիշն անցել է շուրջ 21 մլրդ 100 մլն դրամով։

Քաղաքապետը նշել է, որ սա վկայում է վարչական արդյունավետության բարձրացման, հարկային և ոչ հարկային եկամուտների հավաքագրման գործընթացի բարելավման, ինչպես նաև քաղաքային տնտեսության աշխուժացման մասին։

«Մենք 2024 թվականին ապահովել ենք ռեկորդային մակարդակի սեփական եկամուտների հավաքագրում։ Սա մեզ հնարավորություն է տալիս մեծացնել համայնքային ներդրումները՝ ենթակառուցվածքների, սոցիալական ծրագրերի և հասարակական ծառայությունների ոլորտում», — ասել է Ավինյանը։

Նշենք, որ Երևանի բյուջեի հիմնական սեփական եկամուտները ձևավորվում են գույքահարկից, հողի հարկից, տեղական տուրքերից և վճարներից, ինչպես նաև վճարովի ծառայությունների դիմաց հավաքագրումներից։

Քաղաքապետարանը վստահ է, որ եկամուտների նման աճը հիմք է տալիս ծրագրավորելու նոր ու ավելի մեծածավալ ներդրումային ծրագրեր՝ քաղաքային ծառայությունների որակի բարձրացման և նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ