Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կրթական կենտրոն Հնդկաստանի համար. Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Հնդկաստանն առաջարկել է մինչև 40,000 ուսանողի ուղարկել Հայաստան՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով։
Ըստ Արշակյանի՝ այս աննախադեպ առաջարկը ներկայացվել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահի կողմից՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքների շուրջ քննարկման ժամանակ։
«Անկեղծ ասած՝ սա ինձ համար անակնկալ էր։ Այս պահին Հայաստանը չունի համապատասխան ենթակառուցվածք նման ծավալի ուսանողների ընդունելու համար։ Հետևաբար շատ կարևոր է, որ սկսենք աշխատել՝ համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ», — ասել է Արշակյանը։
Նրա խոսքով, Հնդկաստանի կողմից հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի կրթական որակով, այլ նաև երկրի անվտանգությամբ, կլիմայով և հարաբերական մատչելիությամբ։ Այժմ Հայաստանում սովորում է շուրջ 3,000 հնդիկ ուսանող, սակայն այս թիվը, ըստ Արշակյանի, կարող է հասնել 30,000-ի, նույնիսկ 60,000-ի, եթե զարգացվեն կրթական ենթակառուցվածքները։
Այս համատեքստում նա կարևորել է Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացումը, որը, նրա խոսքով, կարող է դառնալ հիմնական հարթակ նման միջազգային նախաձեռնությունների իրականացման համար։
«Կրթական ներուժի ընդլայնումը ոչ միայն գիտելիքի արտահանում է, այլև տնտեսության աճի, մշակութային ինտեգրման և միջազգային հեղինակության ամրապնդման ուղի։ Սա Հայաստանի համար ռազմավարական հնարավորություն է, որը չի կարելի բաց թողնել», — հավելել է ԱԺ փոխնախագահը։