Երևանի ավագանին քննարկում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը մայրաքաղաքին կամ նախկին թաղային համայնքներին պատկանող մանկապարտեզների և դպրոցների տարածքների օտարման գործընթացները քննող հանձնաժողով ստեղծելու հարցը։ Նախաձեռնությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Նրա խոսքով՝ վերջին տասնամյակներում համայնքային մի շարք գույքեր, հատկապես՝ մանկապարտեզներ, օտարվել են, ինչի հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից։ «Այդ խնդիրը տարիներ շարունակ քննարկվել է հասարակության մեջ, բայց միշտ եղել է խոսակցությունների մակարդակում», – նշել է Գալջյանը։
Նախագծով սկզբում նախատեսվում էր ուսումնասիրել միայն մանկապարտեզների օտարումը, սակայն առաջարկվել է ընդգրկել նաև երաժշտական և սպորտային դպրոցները, ինչի արդյունքում փաստաթղթում ավելացվել է «դպրոցներ» ձևակերպումը։
Գալջյանը նաև հայտնել է, որ ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։