Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում։
Նախագահը շնորհակալություն է հայտնել Գեգինատին և Համաշխարհային բանկի թիմին վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևոր ծրագրերի և ՀՀ կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։ Նա հատկապես ընդգծել է Գեգինատի անձնական ներդրումը Հայաստան-Համաշխարհային բանկ համագործակցության խորացման և շարունակական զարգացման գործում։
Իր հերթին Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ պաշտոնավարման ընթացքում արել է առավելագույնը՝ նպաստելու երկկողմ գործընկերության ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող գործող ծրագրերի ընթացքը, հիմնական ուղղությունները և ապագա համագործակցության հնարավորությունները։ Կողմերը շեշտել են ծրագրերի շարունակականության կարևորությունը՝ հատկապես համայնքների զարգացման, ենթակառուցվածքների արդիականացման և սոցիալ-տնտեսական ներուժի ամրապնդման ուղղությամբ։
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նաև Համաշխարհային բանկի մարդասիրական, սոցիալական, կրթական և առողջապահական նախաձեռնությունները՝ ընդգծելով դրանց դրական ազդեցությունը ՀՀ քաղաքացիների կենսապայմանների վրա։
Երկուստեք ընդգծվել է, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը կարևոր դեր ունի Հայաստանի կայուն և ներառական զարգացման գործընթացում, ինչպես նաև պետական ինստիտուտների ամրապնդման գործում։