USD377.86EUR439.56RUB4.8543

«Ինեկոբանկը քո կողքին». 1 մլրդ ՀՀ դրամ՝ կրթության աջակցության ծրագրին

Ինեկոբանկը հայտարարում է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում իրականացվող կրթական ծրագրերի ընդլայնման մասին։

«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնությունը 2023 թվականին ներդրվել և մեկնարկել է կրթության աջակցության ծրագրերով՝ հետագայում առավել բազմազան ուղղություններ ընդգրկելու և երկարաժամկետ դառնալու տեսլականով։

Կրթական ծրագրի ուղղությունն այս տարի ավելի ընդգրկուն է և իրականացվելու է «Ինեկո Կամպուս» ծրագրով։ Այն ունի հետևյալ բաղադրիչները՝ 150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում, 15 ուսանողի մեկ ուսումնական տարվա վարձավճարի փոխհատուցում, 20 ուսանողի՝ արտերկրում կարճաժամկետ կրթական ծրագրի մասնակցելու հնարավորություն, արտերկրում 30 մասնագետի մագիստրոսական կրթության ֆինանսավորում աշխարհի թոփ 50 համալսարաններում։

Ծրագրի ընդհանուր բյուջեն ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ է։

Հաշվի առնելով նախորդ տարիների դրական արդյունքներն ու մեծ հետաքրքրությունը՝ 2025 թվականին ծրագիրը լինելու է հավակնոտ նպատակներով՝ թե՛ ուսանողների, և թե՛ փորձառու մասնագետների համար նոր հնարավորություններով։

Ծրագրի գաղափարը, նպատակը և այլ մանրամասները մեկնարկի միջոցառման ընթացքում ներկայացրին Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը և Տաղանդների ներգրավման և վերապատրաստման ծառայության ղեկավար Հեղինե Միքայելյանը։

Հայկ Ոսկանյանը նշում է.
«Կրթությունը մշտապես եղել է մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի բաղկացուցիչ մասը։ Մենք վստահ ենք, որ կրթությունն այն հիմնաքարային ուղղությունն է, որում արված ներդրումը միշտ հետ է վերադառնում՝ անգնահատելի արժեքի տեսքով։ Այս ծրագիրը մեկնարկելիս մենք առաջնորդվել ենք այն գաղափարով, որ կրթված հասարակությունն է երկրի զարգացման շարժիչ ուժը, և հավատացած ենք, որ թե՛ մասնագիտական, և թե՛ տարբեր կարողություններ զարգացնող գիտելիքը պետք է հասանելի լինի բոլորի համար»։

Ինեկոբանկի կրթության աջակցության ծրագրին 2023 և 2024 թվականներին թվով հինգ բուհերից հազարից ավելի ուսանողներ մասնակցել են բանկում կազմակերպվող մրցութային փուլերին, ինչի արդյունքում ընտրվել են 19 լավագույնները։ Մենթորների աջակցությամբ ուսանողներն իրականացրել են ծրագրեր, որոնցից որոշները նույնիսկ ներդրվել են բանկում։ 19 հաղթողներից 13-ը ստացել են կրթության ֆինանսավորում, իսկ 6-ը՝ մասնակցել են կարճատև դասընթացների Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Չեխիայում։ Ծրագրի մասնակիցներից 12-ը հնարավորություն են ստացել միանալ Ինեկոբանկի թիմին։

Այս տարի կրթության ֆինանսավորում ստանալու են նաև բանկի աշխատակիցների երեխաները, ովքեր սովորում են բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերում։ Սա ևս բխում է բանկի ռազմավարական նպատակներից և ԿՍՊ հայեցակարգից։

Հեղինե Միքայելյանը նշում է.
«Երիտասարդների և ուսանողների հետ աշխատելու փորձ վաղուց ունենք. տարիներ շարունակ Ինեկոբանկն ակտիվորեն համագործակցել է տարբեր բուհերի հետ և տարբեր ծրագրեր իրականացրել։ Հաճախ ուսանողներն իրենք են Ինեկոբանկը անվանում ամենաուսանողամետ բանկը Հայաստանում։ Սա ուրախալի և միևնույն ժամանակ շատ պարտավորեցնող է մեզ համար։ Եվ այս ծրագիրն ընդլայնելով ու նոր՝ տարբեր ուղղությունների բուհեր ներգրավելով՝ մենք ցանկանում ենք ավելի շեշտադրել այս ծրագրի բուն նպատակն ու առաքելությունը՝ ուսանողներին հասանելի դարձնել որակյալ կրթությունը, ինչը իր ազդեցությունը կունենա մեր երկրում տարբեր ոլորտների զարգացման վրա»։

Նախորդ տարիների համեմատ այս տարի ընդլայնվում է նաև բուհերի ցանկը, մասնավորապես՝
Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև բուհերի հետ համագործակցության հուշագրերի կնքման հանդիսավոր արարողությունը։

Ծրագրի դիմում հայտերը և ամբողջական տեղեկատվությունը հասանելի են Ինեկոբանկի սոցիալական էջերում և պաշտոնական վեբ կայքում։

Արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։

***

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է համապարփակ բանկային ծառայություններ՝ ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին ու հետաքրքրություններին։

29 տարիների ընթացքում Ինեկոբանկը մշակել է բազմաթիվ թվային լուծումներ և նորարարական պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ Հայաստանում, իսկ InecoMobile-ը և InecoBusiness-ը թվային բանկինգի ամենասիրելի և հարմարավետ հավելվածներից են Հայաստանում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ