Ազգային ժողովին ներկայացվել է օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է սահմանել 20 րոպեանոց ժամկետ՝ թեթև ավտովթարից հետո երթևեկելի հատվածը ազատելու համար։
Ըստ նախագծի՝ երկու մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում վարորդները պարտավոր կլինեն 20 րոպեի ընթացքում հեռացնել մեքենան ճանապարհի այդ հատվածից և տեղափոխել թույլատրելի վայր, եթե մեքենան շահագործման արգելող տեխնիկական անսարքություն չունի։
Վթարից հետո մեքենան չտեղափոխելու համար նախատեսվում է 30 հազար դրամ տուգանք։ Նախագիծը տարածվում է միայն այն դեպքերի վրա, երբ վթարի արդյունքում կա միայն գույքային վնաս, և կողմերը համաձայն են մեղավորության հարցում։
Օրենսդրական փաթեթի հեղինակներն են պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Էդուարդ Աղաջանյանը։ Աղաջանյանը նշել է, որ նախաձեռնության նպատակն է նվազեցնել արհեստական խցանումների ռիսկը և արագացնել երթևեկությունը։
Նախագծում նաև նախատեսվում է ASWA հավելվածի ներդրում, որը կօգտագործվի վթարների արագ գրանցման և վերլուծության համար։
Ըստ նախագծի, 2026 թվականից նախատեսվում է ժամկետը կրճատել՝ սահմանելով առավելագույնը 5-ից 10 րոպե։
Օրենսդրական փաթեթը ստացել է կառավարության և խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ։