ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ Դավիթ Ղազինյանը պաշտոնավարելու հնարավորություն այլևս չունի։ Նրա խոսքով՝ Ղազինյանի ժամանակավոր պաշտոնավարումը դադարեցվել է արդեն ուրբաթ երեկոյան, և համապատասխան ծանուցումն ստացվել է։
Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ը ներկայիս վիճակին մասամբ հասցված է հենց Ղազինյանի ղեկավարության շրջանում, և թեև մասսայական ազատումներ չեն նախատեսվում, թոփ մենեջմենթի շրջանում փոփոխություններ անխուսափելի են։ Նա ընդգծել է, որ ընկերությունն ունի ավելի քան 1.1 մլն բաժանորդ և իր գործունեությամբ ազդում է շուրջ 3 մլն մարդու կյանքի որակի վրա, ուստի նման վիճակի հասնելը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություն։
Պետրոսյանը կոչ է արել ՀԷՑ-ում աշխատող մասնագետներին աշխատել բարեխղճորեն՝ խուսափելով սաբոտաժից։ Նրա խոսքով՝ ընկերության անխափան աշխատանքն այժմ առաջնահերթություն է, իսկ սաբոտաժը՝ քրեական պատասխանատվության ենթակա արարք, որը չի հանդուրժվի։
«Գործեք հանուն Հայաստանի Հանրապետության, ապահովելով օրենքով և պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցումը, անկախ փոփոխվող ղեկավար կազմից», – ընդգծել է Պետրոսյանը։