Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Ջերմուկ համայնքը կստանա 6 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորում՝ զբոսաշրջային գրավչության բարձրացման և ներդրումային միջավայրի բարելավման նպատակով։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հուլիսի 20-ին Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում։
Ջերմուկում կայացած հանդիպմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Վայոց ձորի մարզպետը, Ջերմուկի համայնքապետը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։ Քննարկվել են համայնքի տնտեսական ակտիվացման, զբոսաշրջության զարգացման և տեղական բիզնեսի աջակցության հարցերը։
Նախարարը նշել է, որ Ջերմուկը ներառվել է նոր վարկային ծրագրի շրջանակում, որը հնարավորություն կտա համայնքին ձևավորել մրցունակ զբոսաշրջային միջավայր։ Նա վստահեցրել է, որ նախարարությունը շարունակելու է աջակցել տեղական ձեռնարկություններին՝ ապահովելով կայուն աճի պայմաններ մարզային տնտեսության համար։