Telcell ընկերությունը վաղուց արդեն պարզապես վճարային հարթակ չէ։ Այն միաձուլել է տեխնոլոգիական ու ֆինանսական նորարարությունները՝ ձեւավորելով նոր մոտեցումներ թվային ծառայությունների ոլորտում։
Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը Banks.am-ի հետ զրույցում պատմել է ընկերությանը միանալու, աշխատանքում ոգեշնչվելու, մրցակցությանը դիմանալու եւ աշխատանք/անձնական կյանք բալանսը դժվարությամբ պահելու մասին:
– Պարոն Ղազարյան, Դուք Telcell-ին եք միացել 2022 թվականից: Ի՞նչն է Ձեզ մոտիվացրել միանալ ընկերությանը:
– Telcell-ին միանալու ամենամեծ մոտիվացիան ու շարժառիթն ինձ համար եղել է ընկերության զարգացման պատմությունը եւ շուկայում դիրքավորումը: Նշեմ, որ մինչ այդ էլ իմ աշխատանքային ճանապարհի մեծ մասը եղել է ֆինանսական ոլորտում՝ մարքեթինգի եւ բիզնեսի ուղղությամբ: Telcell-ն ինձ համար բավական հետաքրքիր էր եւ նոր մարտահրավեր էր այն առումով, որ այն շուկայում ներկայանում է ոչ միայն որպես ֆինանսական, այլեւ՝ տեխնոլոգիական ընկերություն:
Telcell-ին միացա 2022 թվականին՝ որպես կոմերցիոն տնօրեն: Այդ ժամանակ բավական հետաքրքիր նախագծեր մեկնարկեցինք՝ ընկերությունը վերափոխելու, վերաբրենդավորելու հետ կապված: Եթե համեմատական տանեմ 2022 թվականի հետ, այժմ ընկերությունն այլ մակարդակի եւ կազմակերպաիրավական ձեւաչափի է հասել:
Այս տարիների ընթացքում վերաբրենդավորումից բացի՝ մեկնարկեցինք նաեւ մի շարք այլ խոշոր նախագծեր, որոնց թվում են Visa ընկերության հետ համատեղ պրոդուկտի թողարկումը, Հայաստանի ֆոնդային բորսայում Telcell-ի բաժնետոմսերի ցուցակվելը, Երեւանի քաղաքապետարանի հետ ներդրած «Միասնական տոմսային համակարգը»:
– Իսկ այսօր ի՞նչն է ամենից շատ ոգեշնչում, որ շարունակեք այս ոլորտում աշխատել:
– Ինձ ոգեշնչում եւ աշխատելու մղում են տալիս փոփոխություններ իրականացնելն ու դժվարություններ հաղթահարելը: Թե՛ որպես ղեկավար, թե՛ որպես անհատ շատ «էքսպերիմենտատոր» եմ։ Սիրում եմ մարտահրավերներ, որոնք բերում են գլոբալ փոփոխությունների: Իհարկե, այդ փոփոխությունների համար շատ քննադատությունների կարող ենք արժանանալ, բայց, վստահ եմ, թեկուզ տարիներ անց արդյունքը տեսնելով՝ հասկանալու ենք, որ դրանք խիստ անհրաժեշտ էին:
Այդպիսի փոփոխություններ մեր նորանկախ պատմության մեջ շատ են եղել: Հիշում եմ, երբ ուսանող էի, մարդիկ աշխատավարձները ստանում էին կանխիկ, հետո սկսեցին քարտերով ստանալ, ինչը բավական լուրջ դիմադրություն առաջացրեց: Մարդիկ չէին վստահում անկանխիկ եղանակով փոխանցումներին: Հիմա, երբ հետ ենք նայում, սրա հետ կապված շատ բան է փոխվել: Նույն համատեքստում էլ այսօր տրասնպորտային համակարգի վճարման փոփոխությունն է։ Ամեն նորարարություն, բարեփոխում ինչ-որ մի բանից պետք էր սկսել: Սա էվոլյուցիոն ճանապարհ է, որը պետք է անցնել, եւ այս ամենի ակունքներում լինելն ինձ համար ոգեշնչող է: Իհարկե, այս փոփոխությունների ճանապարհին շատ են նաեւ օգտատերերի մտահոգությունները, կարծիքները, առաջարկները, որոնք մեզ համար ազդակներ են եւ ստիպում են բարելավել, վերափոխել մեր պրոդուկտները եւ ծառայությունները: Մի բան հաստատ է՝ սա այն ճանապարհն է, որն անցնելով, ընկերության անունը, կատարած աշխատանքը կմնա պատմության մեջ:
– Խոսենք Ձեր ղեկավարած ընկերության արժեքներից: Որո՞նք են դրանք եւ ինչպե՞ս են ձեւավորվել:
– Telcell-ը բնավորություն ունեցող ընկերություն է: Մարքեթինգային լեզվով ասած՝ այն ունի «արքետիպեր», որտեղ դիրքավորվում են մարդիկ ու բրենդները: Եթե մեկ նախադասությամբ ձեւակերպեմ, մեր ամենակարեւոր արժեքը մարդիկ են, որոնց շուրջ էլ ձեւավորվում են մեր մյուս արժեքները՝ պատասխանատվություն եւ ազնվություն, նոր գաղափարներ, մշտական զարգացում: Telcell-ում ամեն ինչ մարդակենտրոն է (human-centric), այստեղ մարդիկ աշխատում են մարդկանց համար, տեխնոլոգիական նորարարությունների միտված, բայց շատ թիմային ու փոխգործակցող։
Telcell-ն արդեն 18 տարվա պատմություն ունի, որի փոքր հատվածին եմ մասնակից, բայց մի բան վստահ կարող եմ ասել, նույնիսկ այն մարդիկ, որոնք 15 տարի առաջ են աշխատել ընկերությունում, միեւնույն է, համարվում են «թելսելականներ», քանի որ նրանց կատարած աշխատանքն ընկերության համար միշտ մնալու է անփոխարինելի:
Telcell-ը հայաստանյան այն քիչ ընկերություններից է, որը ձեւավորվել է գաղափարի շուրջ մի քանի հոգու համախմբումից եւ տարիների ընթացքում դարձել 400 հոգանոց մեծ ընկերություն: Այժմ այն ստարտափ մոդելից վերածվել է կորպորատիվ եւ ինստիտուցիոնալ կառավարմամբ վճարահաշվարկային տեխնոլոգիական խոշոր ընկերության։
– Իսկ ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա փուլը ընկերության կյանքում:
– Ընկերությունն այսօր փոփոխությունների ու վերափոխումների ճանապարհին է: Մենք, այդ ճանապարհը հարթելով, շատ արգելքներ հեռացնելով, շատերը շրջանցելով, հաստատուն քայլերով գնում ենք առաջ, իսկ դրա հիմքում մեր թիմն է, որն առաջ է տանում այս ամենը:
– Telcell-ն ինչպե՞ս է արձագանքում շուկայի փոփոխություններին եւ մրցակցությանը։
– Շուկայի փոփոխություններին արձագանքում ենք արագ: Սա շատ կարեւոր խնդիր է ընկերության համար։ Մրցակցության մեջ լինելու համար մեր ստեղծած, թողարկած ցանկացած պրոդուկտ պետք է լինի մաքսիմալ հարմար եւ պարզ, ինչպես օրինակ, խոշոր գիգանտների՝ Apple-ի, PayPal-ի, Google Pay-ի մեխանիզմները, դրանք մաքսիմալ հարմարեցված են մեկ-երկու հպումով վճարումներ անելու համար:
Փոփոխություններին արագ արձագանքելու եւ մրցակցային լինելու համար պարզությունից եւ հարմար լինելուց բացի՝ պետք է ունենալ եւս մեկ կարեւոր բաղադրիչ՝ ֆինանսական միջոցների եւ գործարքների ապահովություն:
Հիմա մեր ընկերությունն այս լուծումները մաքսիմալ ապահով դարձնելու ուղղությամբ տանում է բավականին լուրջ եւ ծավալուն աշխատանք: Անցած տարվա ընթացքում մենք մի քանի կարեւոր միջազգային սերտիֆիկացման գործընթաց անցանք: Այսօր էլ հենց շարունակում ենք արդիականացնել մեր տեղեկատվական, անվտանգային գործիքակազմը, որոնք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան են լինելու։ Այսինքն՝ արագությունը, հարմարավետությունը եւ ապահովությունը այն երեք կարեւոր բաղադրիչն է, որոնց համադրությամբ կունենանք մրցակցային պրոդուկտների եւ ծառայությունների մեր շարքը, որոնցով մեկ հավելվածի շրջանակում կբավարարվեն մեր օգտատերերի պահանջները:
Ի՞նչ նոր ծառայություններ կամ տեխնոլոգիաներ եք նախատեսվում ներդնել առաջիկայում, զարգացումն ի՞նչ ուղղություններով է լինելու:
– Եթե կարճաժամկետ կտրվածքով ասեմ, հիմա ընդլայնում ենք մեր ծառայությունների շարքը: Ֆինանսական մի շարք կազմակերպությունների հետ համատեղ պրոդուկտների թողարկման ենք պատրաստվում, բարելավում ենք նաեւ մեր Visa թվային քարտի գործիքակազմը, եւ կարճ ժամանակ անց այդ քարտից հնարավոր կլինի նաեւ կանխիկացման գործընթաց իրականացնել:
Շուտով կունենանք նաեւ վարկային նոր պրոդուկտներ: Մինչ օրս այս ուղղությամբ համագործակցել ենք վարկային կազմակերպությունների հետ, այժմ կհամագործակցենք նաեւ գործընկեր բանկերի հետ՝ միկրո վարկավորման տիրույթում: Մեր միջոցով հաճախորդները կկարողանան դիմել բանկերին եւ ստանալ համապատասխան առաջարկներ:
Միջնաժամկետ տարբերակով բավական գործուն քայլեր ենք անում տերմինալների միջոցով կանխիկի տրամադրման հնարավորության ուղղությամբ։ Նախատեսում ենք նաեւ ունիվերսալ Telcell տերմինալներ ներմուծել շուկա, որոնցով հնարավոր կլինի գումարի ե՛ւ ելքագրում, ե՛ւ մուտքագրում կատարել: Սրա առանձնահատկությունն այն է, որ գրեթե բոլոր բանկերի քարտատերերը կկարողանան օգտվել:
Իսկ եթե ավելի երկարաժամկետ կտրվածքով նշեմ, ապա դիտարկում ենք մեր տեխնոլոգիաները, ծառայությունները ներկայացնել եւ կիրառելի դարձնել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս:
– Պարոն Ղազարյան, խոսենք նաեւ որպես ղեկավար Ձեր գլխավոր սկզբունքներից: Որո՞նք են դրանք եւ աշխատակիցների հետ հարաբերություններ կառուցելու Ձեր մոտեցումը ո՞րն է:
– Տնօրեն լինելը շատ դժվար է (ծիծաղում է-հեղ.): Կարելի է ասել՝ աշխատում եմ 24/7 ռեժիմով։ Ինձ համար թիմի հետ շփվելիս ամենակարեւոր սկզբունքը որեւէ պարագայում իմ «ես»-ը չդիրքավորելն է: Միշտ կա «մերը», «մենքը», «մեր թիմը», «մեր ընկերությունը»: Իմ հիմնական գործելաոճն ու գաղափարախոսությունը հենց այդ թիմայինի մեջ է:
Ժամանակակից կառավարման տարբեր մոտեցումներ կան, բայց ղեկավարման մոդելի ամենակարեւոր մոտեցումը, ինչպես արդեն նշեցի, մարդակենտրոն լինելն է: Համարում եմ, որ թիմի յուրաքանչյուր անդամի խնդիրը՝ նույնիսկ կոնֆլիկտն իր կոլեգայի հետ, նաեւ իմ խնդիրն է, որին պետք է օբյեկտիվ, անաչառ մոտեցում ցուցաբերել:
Իմ անմիջական ենթակայության տակ գտնվող թիմի անդամներն աշխատավայրում իմ գործընկերներն են, աշխատավայրից դուրս՝ ընկերները: Իհարկե, երբեմն նաեւ անհրաժեշտ է լինում ընկերության ապագայի, հետագա զարգացման, գործող ռազմավարության շահերից բխող ծանր եւ միանձնյա որոշում կայացնել, որին եւս պետք է պատրաստ լինել:
– Ինչպե՞ս եք կարողանում պահել աշխատանք/անձնական կյանք հավասարակշռությունը: Ունե՞ք նախասիրություններ, որոնք օգնում են դրան:
– Այդ բալանսը պահելը, երեւի, ամենաբարդն է ստացվում ինձ մոտ: Հիմա ժամանակիս 90 եւ ավելի տոկոսը գնում է աշխատանքին: Ընտանիքս դրան ըմբռնումով է մոտենում։ Ինքս ինձ հետ եմ մի քիչ անհաշտություն ունենում, որովհետեւ հաճախ պատշաճ ժամանակ չեմ կարողանում տրամադրել երեխայիս: Մտածում եմ՝ ինչ-որ մի ժամանակ անց կարող է ափսոսամ, թե ինչու ավելի շատ ժամանակ չէի տրամադրում, բայց ինչպես ասում են՝ «սե-լա-վի», սա է ճանապարհը, ես եմ ընտրել այն եւ նպատակ ունեմ ընկերությանը հասցնել այնտեղ, որտեղ պատկերացնում եւ ուզում եմ։ Այդ ճանապարհին ինչ-որ բան տուժում է, բայց փորձում եմ կոմպենսացնել, հավասարակշռել:
Բալանսը պահելու համար ինձ նաեւ օգնում են մասնագիտական գրքեր կարդալն ու ֆիլմեր դիտելը: Կինոման եմ, հատկապես սիրում եմ ֆորմատային ֆիլմեր, այնպիսի ռեժիսորների, ինչպիսիք են Պեդրո Ալմոդովարը, Գայ Ռիչին, Քվենտին Տարանտինոն: Ժամանակ կար, որ ես էլ ֆիլմային ֆորմատի սցենարներ էի գրում: Միգուցե մի օր դրանց էլի անդրադառնամ եւ էկրանավորում ստանան (ծիծաղում է–հեղ.):