Հայաստանում օգոստոսը կշարունակի լինել շոգ և սակավաջուր։ Մինչև ամսվա առաջին տասնօրյակի ավարտը երկիրը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության տակ, ինչի հետևանքով ջերմաստիճանը բարձր կմնա։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մինչև օգոստոսի 9-ը ջերմաստիճանի էական փոփոխություն չենք ունենա։ Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+41°C, առանձին հատվածներում՝ մինչև +42°C», — նշել է նա։
Սուրենյանի խոսքով, օգոստոսի 10–11-ին հնարավոր է 3–4 աստիճանով ջերմաստիճանի նվազում, սակայն դա չի նշանակի զգալի զովացում։
«+36…+37 աստիճան ջերմությունն արդեն ինքնին բարձր ջերմաստիճան է, ուստի լուրջ զովացում առաջիկա 10 օրերին չենք կանխատեսում», — ասել է մասնագետը։
Նա նաև ընդգծել է, որ օգոստոսը կանխատեսվում է սակավաջուր ամիս։