Լոռու մարզում գործող բժշկական կենտրոնից հափշտակվել է վճարային տերմինալ, որի մեջ եղել է 447,700 ՀՀ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ՝ նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել կենտրոնի տարածք և հափշտակել տերմինալը։ Տերմինալը տանելու պահին բուժքույրը փորձել է միջամտել՝ վազելով նրանց հետևից և պահանջելով, որ չտանեն սարքը, սակայն վերջիններս անտեսել են նրա հորդորը։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, անձանց գործողությունները կատարվել են բացահայտ կերպով՝ գիտակցելով արարքի հանցավոր բնույթը։ Նրանցից մեկի՝ Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, իսկ մյուսի՝ Գ.Մ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ա.Ն.-ի մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն։ Գործը քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտի հատկանիշներով։