ՀՀ Կենտրոնական բանկը հերթական անգամ՝ չորրորդ նիստում անընդմեջ, թողել է հիմնական տոկոսադրույքը անփոփոխ՝ 6.75% մակարդակի վրա։ Բանկի կողմից նման որոշումը պայմանավորված է մի շարք ներքին ու արտաքին ռիսկերով։
ԿԲ գնահատմամբ՝ տնտեսությունում դեռ առկա են բարձր աճի և ցածր արտադրողականության միջև անհամապատասխանության ռիսկեր, որոնք կարող են առաջացնել գների ճնշում։ Նման ռիսկեր նկատվում են, մասնավորապես, շինարարության ոլորտում, որտեղ գների հնարավոր նվազումը կարող է հանգեցնել ներդրումների կրճատման։
Չնայած այս մտահոգություններին, ԿԲ-ն ներկայումս չունի բավարար հիմնավորումներ՝ տոկոսադրույքը բարձրացնելու կամ իջեցնելու համար, թեև շուկայի որոշ ակնկալիքներ ուղղված են վերջինիս նվազեցման ուղղությամբ։
Բացի ներքին գործոններից, Կենտրոնական բանկը հաշվի է առնում նաև միջազգային մակրոտնտեսական միջավայրը, որտեղ նկատվում են ստագֆլյացիոն միտումներ՝ գների բարձրացում զուգահեռ տնտեսական ակտիվության նվազման հետ։ Դրանց փոխանցման ռիսկը ՀՀ տնտեսությանը ևս ԿԲ-ի ուշադրության կենտրոնում է։