Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված երկու հողամաս վերադարձվել է համայնքին։
2025 թվականի մարտի 11-ին դատախազությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ երկու ֆիզիկական անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ պահանջելով դադարեցնել հետևյալ հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքը․
• Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող 0.03 հա մակերեսով հողամաս (կադաստրային արժեքը՝ մոտ 2.2 միլիոն դրամ),
• Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող 0.03 հա մակերեսով հողամաս (կադաստրային արժեքը՝ մոտ 2.4 միլիոն դրամ)։
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հունիսի 12-ի վճիռներով բավարարել է հայցերը՝ դադարեցնելով կառուցապատման իրավունքը։ Վճիռները մտել են օրինական ուժի մեջ։
Այդպիսով, Կադաստրի կոմիտեն 2025 թվականի օգոստոսի 5-ին և 6-ին գրանցել է համապատասխան փոփոխությունները, և հողամասերը վերադարձվել են Իջևան համայնքի սեփականություն։
Այս գործընթացը միտված է հանրային նշանակության տարածքների արդյունավետ օգտագործման ապահովմանը։