Հաճախ է խոսվում այն մասին, որ թեև Վաշինգտոնը ռազմական ներկայություն չի ունենա Սյունիքում, սակայն ամերիկյան կապիտալը թույլ չի տա այստեղ որևէ էսկալացիա՝ սեփական կայունության ու անվտանգության ապահովման նպատակով:
Տեսականորեն ամեն ինչ ճիշտ է:
Սակայն ՛՛գետնի վրա՛՛ ունենք ճիշտ հակառակ պատկերը:
Եթե այս մոտեցումն աշխատեր, ապա նույն արևմտյան կապիտալի առկայությունը կզսպեր Նիգերում, Սուդանում, Թայլանդում և բազմաթիվ այլ ՛՛եռման կետերում՛՛ տարատեսակ հակամարտությունների զարգացումը:
Հեռու չգնանք:
2005 թ. մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Ոսկանանը հայտարարեց, որ Բաքու-Թբիիսի-Ջեյհան նավթամուղի գործարկումը բացառում է Արցախյան հիմնահարցի ռազմական լուծումը: Նրա պնդմամբ՝ տարածաշրջանում լայնամասշտաբ զինված հակամարտություններն այլևս քիչ հավանական են: Այս հայտարարության կոնցեպտուալ հիմքը նույնն է՝ ՛՛միջազգային կապիտալը թույլ չի տա՛՛:
Դժվար չէ կռահել, թե ինչ դեր ունեցավ այդ նավթամուղը, ինչպես նաև 2020 թ.-ին շահագործման հանձնված ՛՛Հարավային գազային միջանցքը՛՛ միջազգային պրոադրբեջանական լոբբիստական համակարգի ձևավորման և, ի վերջո, Արցախի հայաթափման գործում:
Այժմ էլ ՛՛Թրամփի երթուղու՛՛ առանցքային շահառուն՝ Բաքուն փորձում է ներկայացնել նոր հաղորդակցությունը որպես Արևմուտքը Արևելքին կապող կարևոր հանգույց՝ դրանով իսկ հող պարարտացնելով հետագայում Սյունիքում սեփական ներկայության ընդլայնման միջազգային լեգիտիմացման համար՝ կասեցնելով տարածաշրջանում իրական ապաշրջափակման բոլոր փորձերը:
Դա, իր հերթին, լիովին տեղավորվում է արևմտյան մի շարք դերակատարների, ինչպես նաև Անկարայի ու Թել-Ավիվի՝
Կասպից ծովի իրավական կարգավիճակը փոխելուն ուղղված նկրտումների մեջ:
Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյան