Հայաստանում սկսեց գործել առաջին մասնավոր ավիացիոն կենտրոնը․ Ազատի օդանավակայանը պաշտոնական շահագործման թույլտվություն է ստացել Պետական ավիացիոն ծառայությունից։
Նորաստեղծ կենտրոնը նպատակ ունի դառնալու սիրողական ավիացիայի զարգացման հարթակ՝ ստեղծելով պայմաններ օդաչուների պատրաստման և վերապատրաստման համար։ Բացի այդ, այն հնարավորություն կտա ներդնել և զարգացնել գյուղատնտեսական ավիացիան։
«Մեր նպատակն է զարգացնել ընդհանուր ավիացիան Հայաստանում։ Մենք ստեղծում ենք ավիացիոն կենտրոն, որտեղ կգործեն ավիացիոն դպրոց, սիրողական օդաչուների համար նախատեսված վայր և ակումբային համակարգ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ Ազատի օդանավակայանի համայնքին», – ասել է օդանավակայանի համահիմնադիր Դավիթ Սախակյանը։
Ազատի ջրամբարից 1.5 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանը զբաղեցնում է մոտ 13 հեկտար տարածք և ստացել է 3 տարի ժամկետով թույլտվություն։ Սա առաջին նման փորձն է Հայաստանի ավիացիայի ոլորտում, որտեղ մինչ այժմ նման տարածքները գործել էին առանց հստակ կարգավորող շրջանակի։