Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 1-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագիծը ներկայացրել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ընդգծելով, որ համաձայնագրի շրջանակում Հայաստանին կհատկացվի 45,3 միլիոն եվրո վարկ։ Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը՝ համահունչ լինելով ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրին և առողջապահության համակարգի զարգացման ռազմավարությանը։
Վարկային ծրագրի շրջանակում նախատեսվում է․
- կառուցել և վերազինել 24 առողջապահական հաստատություն (16,76 մլն եվրո),
- ներդնել առողջապահական ծառայությունների որակի գնահատման ու հաշվետվողականության թվային համակարգեր,
- կատարել բժշկական հաստատությունների լիցենզավորում,
- զարգացնել ոլորտի մարդկային կապիտալը՝ ներառյալ բժիշկների լիցենզավորման գործընթացը,
- իրականացնել հեռաբժշկության պիլոտային ծրագիր,
- կատարելագործել էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառությունը։
Լենա Նանուշյանի խոսքով՝ ծրագիրը մշակվել է վերջին երկու տարիներին և արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք նախնական քայլեր՝ ապահովելու համար նախատեսված արդյունքները։
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն, այն կներառվի ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում։