Պաշտպանությա՞ն, թե՞ պատերազմի դեպարտամենտ
Սեպտեմբերի 5-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց հրամանագիր, որով ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը վերանվանվեց Պատերազմի դեպարտամենտի (այժմ դեռ որպես երկրորդային անուն)։ Թեև շատերին կարող է թվալ, թե սա Թրամփի հերթական անսպասելի որոշումն է, իրականում այն ունի իր հիմնավորումն ու տրամաբանությունը։
Նոր անվանումը վերադարձ է արդեն մոռացված պատմական տարբերակին, որը գործածվում էր 1789-ից մինչև 1947 թվականը։ 1789 թվականի օգոստոսի 7-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնը ստորագրեց օրենք, որով ստեղծվեց Միացյալ Նահանգների Պատերազմի դեպարտամենտը։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվեց ՄԱԿ-ը՝ խաղաղության և անվտանգության պահպանման ու պատերազմների կանխարգելման նպատակով։ Այդ պայմաններում «Պատերազմի դեպարտամենտ» անվանումը հակասում էր նոր միջազգային ոգուն և իրողություններին։
1947 թվականին ընդունվեց «Ազգային անվտանգության ակտը», որով պատերազմի, ռազմածովային ուժերի և նորաստեղծ օդային ուժերի դեպարտամենտները միավորվեցին մեկ մարմնի՝ Ազգային ռազմական կառույցի (National Military Establishment) մեջ՝ Պաշտպանության քարտուղարի գլխավորությամբ։ 1949-ին այն վերանվանվեց Պաշտպանության դեպարտամենտի։ Ընդունված է նաև այն վարկածը, որ հապավման («NME») անհարմար հնչողությունը («enemy»՝ թշնամի) ևս պատճառ դարձավ անվանափոխության։
Հատկանշական է, որ նույնը տեղի ունեցավ նաև այլ երկրներում․ ԽՍՀՄ-ը 1953-ին, իսկ Մեծ Բրիտանիան՝ 1964-ին ստեղծեցին իրենց Պաշտպանության նախարարությունները՝ իրենց «դիստանցավորելով» պատերազմ եզրույթից:
Այսօր Թրամփի որոշումը, ըստ էության, այդ նախկին անվանման վերականգնումն է։ «Սա շատ ավելի տեղին անվանում է՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը», – նշել է նա։ Ըստ նախագահի՝ հենց այս անվան ներքո Միացյալ Նահանգները հաղթանակներ տարավ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում։
Սպիտակ տունը հայտարարեց, որ նոր անվանումը պետք է արտացոլի ԱՄՆ հիմնադիր հայրերի նպատակը՝ «ուժն ու վճռականությունը ցուցադրելու» համար։ Այսպիսով, կարելի է փաստել, որ Թրամփի վարչակազմը փորձում է արտաքին քաղաքականությունը ձևավորել առավել հարձակողական և կոշտ տրամաբանությամբ։
Այնուամենայնիվ, առկա են մի շարք խոչընդոտներ․ դեպարտամենտի ղեկավարը պետք է 60 օրվա ընթացքում ներկայացնի խորհրդատվություն անվանափոխության անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։ Բացի այդ, հարցը հնարավոր է քննարկվի Կոնգրեսում։ Ֆինանսական հաշվարկներով՝ անվանափոխությունը և ռեբրենդինգը կարող են արժենալ միլիարդավոր դոլարներ՝ խորհրդանիշների, էլեկտրոնային հասցեների, համազգեստների և այլնի փոփոխության համար։ Սա կարող է լուրջ հակասության մեջ մտնել Պենտագոնի ծախսերը կրճատելու վարչակազմի ջանքերի հետ։
Ամերիկյան Հետազոտությունների հայկական կենտրոն