Ներքին գործերի նախարարությունը շարունակում է բարեփոխումների գործընթացը․ Ոստիկանության ստորաբաժանումները ծառայության մեջ են ներգրավում արհեստական բանականությամբ հրահանգներ կատարող անօդաչու թռչող սարքեր։ Նոր համակարգը նպատակ ունի բարձրացնել արձագանքման օպերատիվությունը և ապահովել հասարակական կարգի վերահսկման ավելի արդյունավետ մեխանիզմներ։
Սեպտեմբերի 9-10-ին ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի և Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ անցել են ԱԹՍ-ների կիրառման հատուկ դասընթացներ և հանձնել տեսական ու գործնական քննություններ։
ԱԹՍ-ները հագեցած են ժամանակակից անվտանգության համակարգերով և բազմաֆունկցիոնալ հնարավորություններով։ Դրանք թույլ են տալիս․
- իրական ժամանակում պարզել խաչմերուկներում խցանման պատճառները,
- անկարգությունների ժամանակ ֆիքսել իրավախախտներին, ավտոմեքենաների պետհամարանիշներն ու մակնիշները,
- բարձրախոսների միջոցով քաղաքացիներին իրազեկել տեղում։
Ոստիկանության զորքերը նախատեսում են ԱԹՍ-ները կիրառել հասարակական կարգի պահպանության, հակաահաբեկչական գործողությունների և ոստիկանության գվարդիայի գործառույթների շրջանակում։
ՆԳ նախարարությունում ընդգծում են, որ այս քայլը ևս մեկ օրինակ է ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման և ներքին անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Առաջիկայում դասընթացներ կանցկացվեն նաև մարզային ստորաբաժանումների համար։