Երևանում ընթացող Ինժեներական քաղաքի ծրագրի շրջանակում արդեն գործում են երեք միջազգային ընկերությունների՝ Synopsys-ի, Emerson-ի (նախկին National Instruments) և Philip Morris-ի հետազոտական կենտրոնները։ Նախաձեռնությունն իրականանում է պետական-մասնավոր համագործակցության հիման վրա և նպատակ ունի Հայաստանը դարձնել տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական հանգույց։
Ինժեներական քաղաքի առաջին հատվածն արդեն շահագործվում է․ այստեղ գործում է ստարտափ աքսելերատոր, ինչպես նաև հետազոտական լաբորատորիաներ, որոնք օգտագործվում են ոչ միայն ընկերությունների, այլև գիտական ինստիտուտների կողմից։ Emerson ընկերությունը այստեղ արդեն սկսել է իր զարգացման կենտրոնի աշխատանքը։
Ավարտվել է նաև երկրորդ աքսելերատորի շենքը, իսկ հարևանությամբ ընթացքի մեջ է մի շարք խոշոր ընկերությունների համար նախատեսված նոր շինությունների կառուցումը։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ Ինժեներական քաղաքի երկու հատվածների շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի վերջը։
Նախագիծը դիտարկվում է որպես կարևոր հարթակ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար, որը հնարավորություն կտա ներգրավել նոր ներդրումներ, խթանել գիտահետազոտական աշխատանքները և ընդլայնել համագործակցությունը միջազգային ընկերությունների հետ։