Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ավազի արդյունահանման ոլորտում առկա են ինչպես թափանցիկության, այնպես էլ անվտանգության լրջագույն խնդիրներ։
Վարչապետի խոսքով՝ ոլորտում ստվերային տնտեսությունը հասել է մտահոգիչ չափերի, և դրա դեմ պայքարելու արդյունավետ մեխանիզմներ դեռ չեն ձևավորվել։
«Ավազի ոլորտում ՀՀ-ում ահռելի ստվեր կա, ընդ որում՝ ստվեր, որ մեր փողոցներով ու մայրուղիներով երթևեկում է, բայց մենք այդ ստվերին առնչվելու ձևերը չենք գտել, և սա լրջագույն մարտահրավեր է»,- նշել է Փաշինյանը։
Նա շեշտել է նաև, որ խնդիրը միայն տնտեսական չէ․ այն վերաբերում է պետական անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը։
«Պարզվել է, որ Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր երկրի տարածքն ենք կրճատում։ Սա արդեն ոչ թե բնապահպանական կամ տնտեսական, այլ ազգային անվտանգության խնդիր է»,- ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը բախվում է նաև շինարարական ոլորտի ճնշման հետ, քանի որ խստացված վերահսկողությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել շինարարական աշխատանքների մի մասը։
«Եթե ամեն ինչ տեղավորենք ստանդարտների մեջ, պարզապես բավական երկար ժամանակ ՀՀ-ում շինարարությունը կկանգնի»,- ասել է վարչապետը։
Կառավարությունը խոստացել է մշակել նոր մոտեցումներ՝ ստվերային ավազի արդյունահանման կանխարգելման և սահմանային ռիսկերին հակազդելու համար։