USD382.77EUR442.18RUB4.7703

Հայաստանն ու ԱՄՆ-ը կհիմնադրեն համատեղ կոնսորցիում՝ TRIPP նախագծի իրագործման համար

Հայաստանը և ԱՄՆ-ը պատրաստվում են ստեղծել համատեղ կոնսորցիում՝ TRIPP (Trans-Regional Infrastructure Partnership Project) նախաձեռնությունը կյանքի կոչելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ նորաստեղծ ընկերությունը կդառնա «Թրամփի երթուղու» (Trump Route) կառուցման և շահագործման հիմնական օպերատորը, ինչպես նաև կկարողանա ներգրավել երրորդ կողմերի՝ երկաթուղային, խողովակաշարային և էլեկտրահաղորդման համակարգերի կառուցման ու սպասարկման աշխատանքներում։

«Մենք արդեն սկսել ենք քննարկումները մեր ամերիկացի գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կկարողանանք ավարտել այս գործընթացը, որից հետո կսկսվի շինարարությունը»,- նշել է Միրզոյանը։

Նախարարն ընդգծել է, որ Սյունիքի մարզով անցնող երկաթուղու շինարարությունը կտևի առնվազն երկու տարի, և նախագիծը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով։

Միրզոյանի խոսքով՝ ծրագիրը կբացի Հայաստանի համար նոր տրանսպորտային հնարավորություններ՝

«Հայաստանը կկարողանա ապրանքներ ուղարկել և ստանալ՝ օգտագործելով Ադրբեջանի ենթակառուցվածքներն ու տարածքը, ինչը զգալիորեն կբարձրացնի տարածաշրջանի տրանսպորտային կապակցվածությունը»։

TRIPP նախագիծը դիտարկվում է որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության և էներգետիկ ինտեգրման կարևոր քայլ, որը կարող է Հայաստանը վերածել տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ