Կանադական «Հայասա Մեթալս» հանքարդյունաբերական ընկերությունը սկսել է ակտիվ հետախուզական աշխատանքներ Հայաստանում՝ Վայոց ձորի և Լոռու մարզերի տարածքներում։
Ընկերության գործադիր տնօրեն Ջոել Սազերլենդի խոսքով՝ ծրագրի նպատակն է բացահայտել հանքաքարի՝ հատկապես պղնձի և ոսկու պոտենցիալ հանքավայրեր։ Նախնական տվյալները խոստումնալից են, և ուսումնասիրությունները կիրականացվեն առաջիկա տարիներին նորագույն տեխնոլոգիաների միջոցով։
Հետագա չորս տարիների համար «Հայասա Մեթալս»-ը ապահովել է շուրջ 15 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ մեկ այլ խոշոր կանադական հանքարդյունաբերական ընկերությունից՝ «Թեք Ռիսորսիզ» (Teck Resources)։ Այս ներդրումը թույլ կտա շարունակել երկրաբանական հետազոտությունները և ընդլայնել ծրագրի ծավալները։
Ընկերության հայտարարությամբ՝ իր գործունեությունը հիմնված է միջազգային բնապահպանական և սոցիալական պատասխանատվության չափանիշների վրա, իսկ ծրագրի արդյունքները կարող են էական դեր ունենալ Հայաստանի հանքարդյունաբերական պաշարների գնահատման և նոր արդյունաբերական նախագծերի զարգացման գործում։