Հայ վաճառողները 2025 թվականի առաջին ինը ամիսներին զգալիորեն ավելացրել են վաճառքները ռուսական Wildberries առցանց հարթակում։ Ընկերության մամուլի ծառայության տվյալներով՝ հունվար-սեպտեմբերին Հայաստանի վաճառողների արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 164 տոկոսով։
Հայ վաճառողների ապրանքներն առավելապես արտահանվել են դեպի Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան, Ուզբեկստան և Վրաստան։ Ամենախոշոր աճը գրանցվել է Ուզբեկստանի ուղղությամբ՝ 193%, այնուհետև Ղրղզստան՝ 187%, Ռուսաստան՝ 170%, Բելառուս՝ 137%, իսկ Վրաստան և Տաջիկստան՝ կրկնակի աճ։
Արտահանման կառուցվածքում առավել մեծ պահանջարկ են ունեցել հետևյալ կատեգորիաները.
- Խաղային կոնսուլներ և խաղեր՝ +694%,
- Սեղանի և խոհանոցային պարագաներ՝ +204%,
- Կենցաղային տեխնիկա՝ +199%,
- Գեղեցկություն՝ +156%,
- Սնունդ՝ +156%։
Wildberries-ը վերջին տարիներին դարձել է հայ արտադրողների և ձեռնարկատերերի համար արտահանման հիմնական թվային հարթակներից մեկը, ինչը, փորձագետների գնահատմամբ, նպաստում է հայկական ապրանքների ճանաչելիության և շուկայի դիվերսիֆիկացման աճին։