Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) Մասիսի ենթակայանում արձանագրվել է շուրջ 830 հազար կՎտ.ժ էլեկտրաէներգիայի թերգրանցման դեպք։ Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Պետրոսյանի խոսքով՝ ՀԷՑ-ի Անվտանգության և վերահսկողության տնօրինության և «Արաքս» մասնաճյուղի համատեղ ստուգումների արդյունքում պարզվել է, որ թերգրանցումները վերաբերել են շուրջ 435 սպառողի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց հաշվարկներում գրանցվել է ավելի քան 830,055 կՎտ.ժ տարբերություն։
«Այս թերգրանցումների հետևանքով ընկերությանը հասցվել է առանձնապես խոշոր չափերի ֆինանսական վնաս։ Հաշվի առնելով հանգամանքի լրջությունը՝ կդիմեմ ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատշաճ հաղորդմամբ, ինչպես նաև՝ կներկայացնեմ գրություն ՀԾԿՀ նախագահին», — նշել է Պետրոսյանը։
Նրա խոսքով, սա արդեն երկրորդ նման դեպքն է՝ նախորդ շաբաթ նույնատիպ խախտումներ էին հայտնաբերվել Արտաշատի էլցանցում, որտեղ նույնպես արձանագրվել էր ավելի քան 817 հազար կՎտ.ժ թերգրանցման դեպք։
Պետրոսյանը ընդգծել է, որ առկա են համակարգային բնույթի կասկածներ, որոնք կարող են վկայել հնարավոր կոռուպցիոն կամ կոմերցիոն շահերի հետ կապված մեքենայությունների մասին։
«Կասկածներ ունեմ, որ այս գործողություններով ոմանք նպատակ են ունեցել արհեստականորեն նվազեցնել ցանցային կորուստների ցուցանիշը կամ էլ այդ ձևով մոնետիզացնել կուտակված էլեկտրաէներգիան։ Այս ուղղությամբ կշարունակվեն ստուգումներն ու քննությունները», — գրել է նա։
ՀԷՑ-ի ղեկավարը հավելել է, որ իրականացվող համալիր ստուգումների և վերահսկողական միջոցառումների ծավալը շարունակաբար ընդլայնվում է, իսկ քաղաքացիների օրինական շահերի վերականգնման գործընթացը կիրականացվի օրենքով սահմանված կարգով։
📌 Հիշեցնենք, որ ՀԷՑ-ում վերջին ամիսներին ընթանում են լայնածավալ ներքին ստուգումներ, որոնց նպատակն է բացահայտել հնարավոր չարաշահումները և թափանցիկացնել ընկերության աշխատանքը։