Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղը նոր դպրոց ունի․ կրթական հաստատությունը կառուցվել է կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սասունիկից հրապարակել է տեսանյութ՝ նշելով, որ կրթական հաստատության կառուցման համար կառավարությունը հատկացրել է 2 միլիարդ 157 միլիոն դրամ։
«300-ից մեկը․ կառուցվել է Սասունիկի միջնակարգ դպրոցը։ Կառավարությունը հատկացրել է 2 մլրդ 157 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար», — գրել է վարչապետը Facebook-ի իր էջում։
Վարչապետին Սասունիկում ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և կառավարության այլ ներկայացուցիչներ։
Նորաբաց կրթօջախը համապատասխանում է ժամանակակից կրթական և էներգաարդյունավետ ստանդարտներին, ունի լաբորատոր դասարաններ, մարզադահլիճ և բացօթյա բակային տարածքներ՝ նախատեսված ուսումնական և մշակութային միջոցառումների համար։
📘 Հիշեցում․ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը նախատեսում է ամբողջ երկրով մեկ կրթական ենթակառուցվածքների արդիականացում՝ ապահովելով ժամանակակից կրթական միջավայր և հավասար կրթական հնարավորություններ Հայաստանի բոլոր մարզերում։