USD382.53EUR444.42RUB4.7057

Հայաստանը կարող է շուտով դիմել ԵՄ անդամակցության համար․ Արարատ Միրզոյան

Հայաստանը պաշտոնապես որդեգրել է Եվրամիությանը անդամակցելու նպատակ ունեցող քաղաքական ուղեգիծ, և հնարավոր է, որ մոտ ապագայում ներկայացնի անդամակցության հայտ։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում։

«Մենք ընդունել ենք օրենք, որը պարտավորեցնում է կառավարությանը ձգտել անդամակցել Եվրամիությանը։ Չեմ կարող ճշգրիտ ասել՝ երբ կդիմենք․ դա կարող է լինել հաջորդ ամիս կամ հաջորդ տարի։ Դա կախված է բազմաթիվ գործոններից։ Բայց սա արդեն մեր պաշտոնական քաղաքականությունն է», — նշել է Միրզոյանը։

Նախարարը ընդգծել է, որ Հայաստանը արդեն խորացրել է համագործակցությունը ԵՄ-ի հետ, և այդ հարաբերությունների հիմքում է գտնվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA)։ Միրզոյանի խոսքով՝ կողմերը հաջողությամբ իրականացնում են նաև վիզային ռեժիմի դյուրացման գործընթացը, ինչը զգալի առաջընթաց է Հայաստանի քաղաքացիների համար։

Բացի այդ, Երևանն ու Բրյուսելը բանակցում են մի շարք նոր փաստաթղթերի շուրջ, իսկ գործընկերության նոր ծրագիրը նախատեսվում է ստորագրել մոտակա երեք ամիսների ընթացքում։

«Հայաստանի քաղաքացիները պահանջում են, որ մենք առաջ շարժվենք։ Մենք լսում ենք նրանցից որոշ քննադատություններ՝ կապված հնարավոր ուշացումների և երկարատև ընթացակարգերի հետ», — նշել է արտաքին գործերի նախարարը։

Միրզոյանի այս հայտարարությունը դիտվում է որպես ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների նոր շրջափուլ, որը կարող է երկարաժամկետ առումով հիմք ստեղծել երկրի եվրոպական ինտեգրման ուղու համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ