Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) առաջնորդ Սանաե Տակաիչին պաշտոնապես ընտրվել է Ճապոնիայի նոր վարչապետ՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին կին առաջնորդը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Տակաիչին վարչապետի պաշտոնում հաստատվել է խորհրդարանի կողմից՝ այն բանից հետո, երբ ԼԴԿ-ն կոալիցիա է կազմել Ճապոնիայի Նորարարության կուսակցության հետ։
«Եկեք Ճապոնիան առաջ տանենք միասին», — հայտարարել է Նորարարության կուսակցության համանախագահ Հիրոֆումի Յոշիմուրան, ընդգծելով, որ նոր համագործակցությունը կոչված է ապահովելու քաղաքական կայունություն և տնտեսական վերականգնում։
Սանաե Տակաիչին հայտնի է իր պահպանողական և ազգային արժեքներին հավատարիմ քաղաքականությամբ։ Նա ԼԴԿ նախագահի ընտրությունները հաղթել էր հոկտեմբերի սկզբին, ինչից հետո սկսվել էին բանակցությունները նոր կոալիցիայի ձևավորման շուրջ։
Մինչ այս, ԼԴԿ-ն 26 տարի շարունակ իշխանությունը կիսում էր Կոմեյտո կուսակցության հետ, սակայն վերջինս լքեց կառավարությունը Տակաիչիի ընտրվելուց հետո՝ քաղաքական տարաձայնությունների պատճառով։
Նոր վարչապետի ընտրությունը տեղի է ունեցել լարված խորհրդարանական քննարկումների ֆոնին, և Տակաիչին կարողացել է ապահովել 237 ձայն, ինչը բավարար էր վարչապետ դառնալու համար։
Այնուամենայնիվ, վերլուծաբանները նշում են, որ նոր կոալիցիան խորհրդարանում դեռևս երկու մանդատ պակաս ունի մեծամասնություն կազմելու համար, ինչը կարող է առաջիկայում դժվարություններ ստեղծել կառավարության համար։
Ըստ ճապոնական «Կիոդո» գործակալության, Նորարարության կուսակցության անդամները նախնական փուլում չեն միանալու կառավարության կազմին, սակայն կողմերը պատրաստվում են համագործակցել մի շարք տնտեսական և ենթակառուցվածքային նախաձեռնությունների շուրջ։
Սանաե Տակաիչիի նշանակումը պատմական շրջադարձ է Ճապոնիայի քաղաքականության մեջ՝ երկրի համար, որը մինչ օրս պահպանել էր հիմնականում տղամարդկային քաղաքական ավանդույթներ։