Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը մասնակիորեն բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ, որը ներկայացվել էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և փոխկապակցված անձանց դեմ։
Դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով, որոշվել է բռնագանձել ավելի քան 1,2 միլիարդ դրամի արժեք ունեցող գույք, որը, ըստ դատախազության, չի հիմնավորվել օրինական եկամուտներով։
Գույքերի ցանկը ներառում է մի շարք անշարժ գույքեր, ավտոմեքենաներ, դրամական ավանդներ և փոխառության պահանջների իրավունքներ։ Մասնավորապես՝
- Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գտնվող մի քանի բնակելի տներ, հողամասեր և կիսակառույց շինություններ,
- Կոտայքի մարզի Հրազդան համայնքում գտնվող հողատարածք,
- MAYBACH, TOYOTA LC 200, GAZ, և MOSKVICH մակնիշների ավտոմեքենաներ,
- Գինու և կոնյակի գործարաններին տրված 254 միլիոն դրամի, ինչպես նաև մի շարք ընկերությունների տրված դրամային փոխառությունների պահանջներ,
- Երկու բանկերում պահվող մոտ 9 հազար ԱՄՆ դոլարի և ավելի քան 14 միլիոն դրամի ավանդներ։
Բացի այդ, բռնագանձման որոշման մեջ ներառված են նաև շուրջ 224 հազար դրամի չհիմնավորված ծախսեր և 14,6 միլիոն դրամի ապօրինի դրամական մնացորդներ։
Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հայցի մերժված մասով կներկայացնի վերաքննիչ բողոք, որպեսզի ամբողջությամբ վերականգնվի պետության նկատմամբ հասցված վնասը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը, ով մահացել է 2020 թվականին, եղել է Ազգային ժողովի պատգամավոր և «Երկրապահ կամավորականների միության» նախկին նախագահ։ Նրա նկատմամբ վարույթ էր հարուցվել ապօրինի գույքի, ինչպես նաև խոշոր չափերի հափշտակության և ապօրինի զենք-զինամթերքի պահման փաստերով։